կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 18:32
Մշակույթ

Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ. Ափօ Սահակեանն Արցախում

Մայիսի 8-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է երգիչ, երգահան ու գրող Ափօ Սահակեանի ակուստիկ ելույթը: Մինչ այդ՝ մայիսի 7-ին, երգիչը ելույթ էր ունեցել նաև Մարտունի քաղաքի բնակիչների համար:

Համերգները Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռության շրջագծում են՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համագործակցաբար:

Համերգի բացման խոսքով հանդես են եկել Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի համակարգող Ռուբեն Ճանպազյանը։

«Ծրագրի էությունն այն է, որ փորձում ենք ստեղծել մշակութային, գրական, կրթական, գիտական կամուրջ Արցախի ու աշխարհի, Արցախի ու Սփյուռքի, Արցախի ու մայր Հայաստանի, Արցախի ու առհասարակ հայ մտավորականի, հայ արվեստագետի միջև՝ անկախ բնակության վայրից: Այդ կամուրջը բանուկ է մնում հենց այսպիսի միջոցառումներով: Այս նախաձեռնությունը ապրելու ղողանջ է, որ ուզում ենք հնչեցնել աշխարհին, որ այստեղ՝ այս մի բուռ Արցախում, շարունակում է ապրել, արարել հայ մարդը»,- իր խոսքում նշել է Հերմինե Ավագյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Ռուբեն Ճանպազյանը պատահական չի համարում ծրագրի խորագիրը՝ «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ»: «Մենք ուզում ենք ցույց տալ այստեղի հերոսական ժողովրդին, որ համայն հայությունն Արցախի կողքին է, Արցախի հետ է»,- նշել է նա:

Ստեփանակերտյան համերգը կայացել է անմիջական մթնոլորտում, մասնակիցները ձայնակցել են երգերին ու շուրջպար կազմել: Համերգին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել «ՋՋ» տաքսի ծառայությունը և «Կինի Ստեփանակերտ» սրճարանը։

Երուսաղեմաբնակ Ափօ Սահակեանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցը՝ հաջորդիվ: