Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Փաշինյանին եւ ՊՆ-ին ծառայություններ մատուցող «հանցագործը». ո՞վ է Մհեր Տերտերյանը
Նախկիններին կոռուպցիոն գործարքների եւ թալանի մեջ մեղադրող, բայց գեթ մեկ կոռուպցիոների չկալանավորած Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ական հայտնի պաշտոնյաներ «անձնական օգտագործման պաշտոնյաների» ցուցակից առանձնակի եւ ընդգծված վերաբերմունք են ցուցաբերում իրենց ծառայող, արտախորհրդարանական «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանին, որն անցնում է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում՝ կեղծ փաստաթղթերով կուսակցություն բացելու մեղադրանքով, ինչպես նաեւ խարդախության, փաստաթղթերի կեղծման, կնոջ անձնական կյանքին միջամտելու՝ գաղտնալսելու մեղադրանքներով (փաստերը՝ կից փաստաթղթերում)։
Որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար՝ Մհեր Տերտերյանն առնվազն 5 անգամ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, այն դեպքում, երբ կուսակցությունը բացել է կեղծ փաստաթղթերով եւ ընտրություններին ստացել 0,08 տոկոս ձայն։ Բանն այն է, որ Տերտերյանին իշխանավորներն այնքան են «տիրություն» անում, որ լիազորություն են տվել՝ մասնակցություն ունենալ 44-օրյա քննիչ հանձնաժողովի կազմի ձեւավորմանը։
Հանրության ուշադրության կենտրոնում Մհեր Տերտերյանը հայտնվեց դեռեւս 2021թ․ խորհրդարանական ընտրությունների օրերին, երբ վարչապետ դառնալու «հայտ» էր ներկայացրել։ Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացի, ի դեպ, ՀՀ քաղաքացիություն ստացել է բոլորովին վերջերս, բանակում չծառայած սույն անձը (կից հրապարակում ենք նրա զինվորական գրքույկը) նախընտրական քարոզարշավի ժամանակ պարբերաբար անդրադառնում էր ՀՀ զինված ուժերին, անգամ տեսանյութ հրապարակվեց, որ Տերտերյանն այցելում է դիրքեր, ավելին՝ ծառայություն իրականացնող զինվորը պատվի է առնում նրան, դիմում՝ պարոն լեյտենանտ, եւ զեկուցում դիրքերում տիրող իրավիճակի մասին։ Պաշտպանության նախարարությունը, փաստաբանական հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Մհեր Տերտերյանը որեւէ առնչություն չունի ՊՆ-ի հետ։
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ հիշյալ անձը իշխանական օղակներում ամուր հենարան ունենալու շնորհիվ ելումուտ է անում ՀՀ պաշտպանության նախարարություն եւ «այցեքարտ» է ստացել՝ որպես ԱԹՍ-ներ արտադրող գործարար։ Կհիշեք 2021թ. աղմկահարույց դեպքը, երբ պարզվեց, որ Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի փոխարեն ցուցադրվել էին բուկլետներ: ՀՀ պետական բյուջեից այդ ամբողջ շոուն կազմակերպելու եւ Հայաստանը միջազգային հարթակներում խայտառակելու համար բյուջեից ծախսվել էր 131 միլիոն 492 հազար դրամ: Հայաստանը խայտառակող պատվիրակության կազմում եղել են Մհեր Տերտերյանը եւ նրա ընկերուհին՝ Գոհար Սարգսյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Մհեր Տերտերյանի նախկին կինը՝ Նաիրա Տերտերյանը:
Հարց է առաջանում՝ ո՞վ է իրականում այս մարդը, որ այդպես ազատորեն մուտք է գործում պաշտպանական գերատեսչություն եւ տեղեկություններ ստանում ՀՀ զինված ուժերի մարտական վիճակի եւ սպառազինության մասին։ Հրապարակում ենք ՊՆ-ի պատասխանը փաստաբան Հակոբ Ճարոյանին, առ այն, որ Մհեր Տերտերյանը հաշվառված չէ ՀՀ ՊՆ-ում, հետեւաբար, հարց է առաջանում ՝ի ՞նչ իրավունք ուներ նա գնալու դիրքեր, եւ որպես ո՞վ է հայտնվել այնտեղ: Պատերազմի ժամանակ նա իր թիկնապահների հետ շրջում էր զինվորական համազգեստով, եւ պատմում, թե ինչ հերոսություններ են իրենք իբր կատարել պատերազմի ընթացքում (հրապարակում ենք փաստը վկայող լուսանկարներ):
Երբ 2021 թ․-ին Մհեր Տերտերյանը կուսակցություն բացեց եւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, այդ ժամանակ ի հայտ եկան նրա կողմից հանցագործություններ կատարելու մասին հոդվածներ, այդ թվում՝ կնոջը ծեծելու, խարդախությամբ նրա գույքը հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու մասին։
Ինչպե՞ս է կեղծ փաստաթղթերով Մհեր Տերտերյանը կուսակցություն բացում եւ ինչո՞ւ է մտնում քաղաքականություն
Կուսակցություն բացելու աշխատանքները Մհեր Տերտերյանը սկսում է 2020 թ. օգոստոսին, երբ նրա նկատմամբ արդեն իսկ հարուցված էր քրեական գործ՝ կնոջից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի եւ անշարժ գույքերի հափշտակության փաստով: Իսկ հետագայում բացվեցին նաեւ քրեական գործեր փաստաթղթեր կեղծելու, կնոջը գաղտնալսելու եւ վտանգավոր համակարգչային ծրագրեր կնոջ համակարգչում տեղադրելու, թիկնապահի կողմից կնոջը ծեծելու փաստերով:
ՀՀ օրենքն ասում է՝ կարող ես մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե ունես Հայաստանի Հանրապետության՝ առնվազն 5 տարվա քաղաքացիություն եւ այլ պետության քաղաքացի չես: Ղազախստանի քաղաքացի Մհեր Տերտերյանը, որպեսզի ունենա ՀՀ 5 տարվա քաղաքացիություն, որոշում է այդ հարցը կարգավորել դատական ակտի միջոցով, իսկ մինչեւ դատարան դիմելը նրա հայրը՝ Ղազախստանի քաղաքացի եւ այդ երկրում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը, որը վերջերս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ, որպես տուգանք, Ղազախստանի բյուջե պետք է վճարի 16 միլիոն դոլար, թաքցնելով իր՝ Ղազախստանի քաղաքացի լինելու հանգամանքը, նոտարի մոտ տալիս է հայտարարություն-երդում, որ ինքն ունեցել է եւ ունի միայն ԽՍՀՄ քաղաքացիություն: Նույն հայտարարություն-երդումը տալիս է նաեւ Մհեր Տերտերյանի մայրը՝ Սիրուշ Տերտերյանը: Սա մեզ հետ զրույցում հաստատում է Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։
Նշված փաստերը հիմք ընդունելով՝ դատարանը վճիռ է կայացնում եւ Մհեր Տերտերյանին ՀՀ քաղաքացի ճանաչում 1995 թ.-ից՝ այդպիսով ապահովելով նրա մասնակցությունը ՀՀ ԱԺ 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին:
«Փաշինյանին եւ ՊՆ-ին ծառայություններ է մատուցող «հանցագործ» Մհեր Տերտերյանը՝ թաքցնելով իր երկքաղաքացի լինելու փաստը, ցանկանում էր դառնալ ԱԺ պատգամավոր, եւ քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ երկքաղաքացիություն ունեցող անձը ՀՀ պատգամավոր դառնա, իմ կողմից նշված փաստի բացահայտումից հետո Մհեր Տերտերյանը ցուցակում չի ընդգրկվում։ Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, պատրանք է ստեղծում, որ Հայաստանի ճակատագրին առնչվող լրջագույն հարցերը քննարկում է արտախորհրդարանական լուրջ քաղաքական դեմքերի հետ, դիցուք՝ բազմաթիվ հանցագործություններ կատարած Մհեր Տերտերյանի»,- ասաց Հակոբ Ճարոյանը։
Ստացվում է, որ փող ունեցող ցանկացած անձ կարող է կատարել բազմաթիվ հանցագործություններ, այնուհետեւ՝ բացել կուսակցություն, համարվել քաղաքական գործիչ, ունենալ իշխանության մեջ հովանավորներ եւ խուսափել քրեական պատասխանատվությունից։
Եթե Մհեր Տերտերյանը չունենար իշխանական հովանավորներ, եւ եթե օրենքը գործեր այս անձի դեպքում, նա առնվազն պետք է դատապարտվեր եւ ամենաքիչը 10 տարի գտնվեր անազատության մեջ՝ խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնատար անձին կաշառք տալու համար: Փաստաբան Հակոբ Ճարոյանը պնդում է, որ Մհեր Տերտերյանը խարդախություններ կատարել է նոտարին եւ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարներից մեկին կաշառք տալու միջոցով, ինչին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
Հաջորդիվ կխոսենք նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ու Մհեր Տերտերյանի միջեւ մութ գործարքների մասին։
Շարունակելի․․․
Լիանա Սարգսյան
Տե՛ս նաեւ
Պրոիշխանական Մհեր Տերտերյանը խարդախությամբ ունեզրկել է կնոջը, մահափորձ իրականացրել վերջինիս դեմ