կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 14:17
Քաղաքական

Բրյուսելում ՀՀ-ն արձանագրել է, որ Արցախի հետ կապված քննարկելու բան չունի․ Ալեն Ղևոնդյան

Բրյուսելում ՀՀ-ն արձանագրել է, որ Արցախի հետ կապված քննարկելու բան չունի․ Ալեն Ղևոնդյան

Բրյուսելում եռակողմ պայմանավորվածություների մասին Հայաստանի ու Ադրբեջանի հաղորդագրությունները տարբերվում էին Եվրախորհրդի կայքում հրապարակված հայտարարությունից․ հայտարարության բուն տեքստում բացի սահմանագծման հանձնաժողով ստեղծելուց գրված է նաև դիրքերի հայելային հետքաշման մասին, ինչի առաջարկը նախապես  արել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ դիրքերի հայելային հետքաշման դրույթ, իհարկե, լինելու է․ այն ամենը, ինչ երեկ տեղի է ունեցել Բրյուսելում՝ հայկական շահի, Հայաստանի ապագայի, նաև Արցախի ապագայի հետ որևէ ընդհանրություն չունի։

«Հայտարարության մեջ, փաստորեն, արձանագրվել են դրույթներ, որոնք կապիտուլյացիոն երկրորդ պայմանագրի կամ համաձայնագրի կմախքն են կազմում, և որոշակի գործընթացներ սկսելու հանձնարարություններ են եղել կողմերին՝ այդ թվում նաև սահմանագծման հանձնաժողով ստեղծելու ինչ-որ մի ֆորմատ, որը խնդիրներ կլուծի սահմանազատման և հետագա անվտանգության ապահովման միջոցառումների մասով»,-ասաց Ալեն Ղևոնդյանը։

Իհարկե, կողմերի ինստիտուցիոնալ ստրուկտուրաներից հրահանգ կտրվի և նրանք աշխատանքային խմբեր կստեղծեն, նշեց նա, բայց այդ հայելային հետքաշման պարագայում մենք ունենալու ենք ֆանտաստիկ վատ վիճակ՝ մենք ունենալու ենք գյուղեր, որոնք դատարկվելու են։

«Այստեղ խնդիրը հենց այդ է՝ «դեմարկացիա» ասելով ի՞նչ ենք հասկանում․ Արցախի անունը փաստացիորեն դուրս է մղված, Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա՝ հայ-ադրբեջանական սահմանազատման մասին խոսք կա։ Սա նշանակում է՝ ՀՀ-ն արձանագրել է, որ Արցախի հետ կապված քննարկելու բան չունի»,-ասաց քաղաքագետը։

Մյուս կողմից, նշեց նա, այդ հայելային հետքաշմանը մենք ծանոթ ենք Սյունիքի մասով, Արցախի մասով, և հասկանում ենք, որ դա, իհարկե, մեր շահերից չի բխելու։

«Օրինակ, Կապահի հատվածում եթե այդպիսի հայելային հետքաշում լինի՝ այնտեղ անգամ ռազմավարական օբյեկտների անմիջական հարևանությամբ գտնվող հատվածները կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Եվ փաստ չէ, որ չի կրկնվի Քարագլխի և Փառուխ գյուղի հատվածի դեպքը, երբ փոխադարձ պայմանավորվել էին հետ քաշվել, բայց հայերը քաշվել էին և ադրբեջանցիներն զբաղեցրել էին այդ հետ քաշված հատվածը»,-ասաց Ալեն Ղևոնդյանը։

Քաղաքագետը համոզված է, որ դա իր բնույթով քաղաքական, իր էությամբ լիովին հակահայկական հանդիպում և պայմանավորվածություն էր, և իզուր չէ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հնչեցրեց, որ հանդիպումը և արդյունքները լիովին համապատասխանում են իրենց շահերին։

Աննա Բալյան