Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Իշխանությունը, երկրի կարեւորագույն հարցերը թողած, զբաղված է պաշտոններ բաժանելով, իմ ու քոնը անելով: Մարդկանց, որոնք իրենց թրի տակով չեն անցնում, ողնաշար ու հստակ դիրքորոշում ունեն, հեռացնում են ճանապարհից: Ասվածի մի վառ օրինակ՝ Ապարանում:
2022 թ. փետրվարի 14-ին պետք է կայանար Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը: Մրցույթը տապալվել է Արագածոտնի պատգամավոր Մաթոս Ասատրյանի եւ փոխմարզպետ, նախկին հանրապետական, այժմ ՔՊ-ական Էդգար Փարվանյանի ակտիվ ջանքերով: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է դպրոցի նախկին տնօրեն Նաիրա Ղազարյանը, որը Ապարանի համար 2 հիմնական դպրոցի տնօրենն էր մինչեւ մարտի 1-ը ներառյալ:
Ասում է՝ մրցույթից առաջ լուրեր էին պտտվում, որ ամեն կերպ մրցույթը տապալելու են, այդպես էլ եղել է: Պարզվում է՝ Ապարանի համայնքապետի ընտրության ժամանակ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը Նաիրա Ղազարյանին առաջարկում է ՔՊ ցուցակով հանդես գալ ավագանու թեկնածու եւ մերժում է ստանում: Այստեղից սկսվում են հետապնդումները:
«Ես մերժել եմ, որովհետեւ ինձ համար դպրոցը ապաքաղաքական կառույց է եւ երբեւիցե չպետք է քաղաքական վայրիվերումների միջով անցնի: Փետրվարի 14-ին ձախողեցին մրցույթը, մարզպետարանի չորս աշխատակիցներ չներկայացան, պարզապես չեկան: Կառավարման խորհրդի անդամների թիվը 9 է, առնվազն 2-3-ը պետք է ներկա լինեն, որպեսզի նիստը իրավազոր համարվի: Բնականաբար, նիստը, ըստ կարգի, 5 աշխատանքային օրով հետաձգվեց, նշանակվեց փետրվարի 21-ին: Մտածում էի՝ գոնե այս անգամ կներկայանան, ցավոք, կրկին չմասնակցեցին՝ փաստացի ձախողելով մրցույթը: Մարտի 1-ին լրանում էր իմ պաշտոնավարման ժամկետը, եւ մարտի 2-ին ազատեցի պաշտոնը: Իմ գնալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել փոխմարզպետի եղբոր կնոջը՝ Աննա Ներսիսյանին: Ընտրությունը տապալեցին, որպեսզի իրենց մարդուն նշանակեն»,- մանրամասնում է զրուցակիցս:
Փոխմարզպետն իր եղբոր կնոջը դպրոցի տնօրեն է նշանակել՝ շրջանցելով դպրոցի փոխտնօրեններին: «Երբ իրավական ակտում փոփոխություն էր կատարվում, հստակ ամրագրվում էր՝ եթե անցկացվում է նոր մրցույթ, տնօրենն ազատվում է զբաղեցրած պաշտոնից որպեսզի հավասար հնարավորություններ տրվեն մասնակցողներին, եւ շահերի բախում տեղի չունենա: Իրենք շատ լավ իմանալով, որ փոխմարզպետի եղբոր կինը պիտի մասնակցի այս ընտրություններին, բերեցին դպրոց, որպեսզի մանկավարժական կոլեկտիվը ծառայեցնի իր շահերին: Իրենք շատ հանգիստ ձախողեցին մրցույթը, շրջանցեցին փոխտնօրեններին եւ դպրոցի ուսուցիչներին ու բերեցին իրենց մարդուն»,- հավելում է Նաիրա Ղազարյանը:
Իշխանությունն անգամ ուսումնական հաստատություններն է քաղաքականացրել եւ ծառայեցնում իր ներկուսակցական շահերին: Նաիրա Ղազարյանը շեշտում է՝ իշխանությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում, թե ով է ավելի լավ այս քաղաքական թիմից այն քաղաքական թիմ առնետավազք անում:
«Կապ չունի, թե դու ինչ ներդրում ունես, սրտացավ ես աշխատել դպրոցում, թե՝ ոչ: Թայֆայաբազություն է: Այս ընթացքում դպրոցի մերձիշխանական ժպ տնօրենն արդեն կիրառում է վարչական ռեսուրս եւ ճնշում գործադրում մանկավարժների ու ծնողական խորհրդի անդամների վրա: Տրամաբանությունը սա է՝ եթե կոռուպցիոներ չես, լավ ես աշխատում, բարեխիղճ ես, քեզ չեն գնահատում: Ըստ էության, իրենք են որոշում, թե ով պետք է նշանակվի: Ստվերային որոշումներ են կայացնում այն մարդիկ, որոնք նման որոշումներ կայացնելու իրավունք չունեն, լիազորություն չունեն: Պայքարեցինք, իշխանափոխություն արեցինք, որպեսզի մարդիկ Հայաստանի քաղաքացու ուսերի վրայով բարձրանան եւ դավաճանեն այն արժեքներին, որոնց համար մենք պայքարե՞լ էինք»,- եզրափակեց զրուցակիցս:
Մյուս դեպքը՝ հաջորդիվ։
Լիանա Սարգսյան