Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Ո՞վ կարող է հանգիստ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»․ հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։ Գրեթե միաժամանակ իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին ևս աղաղակեց, որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը չկանգնեցվի, կարող է նաև հասնել Կարսի և Արդահանի սահմաններին։ Հայկական հարցի ուրվականը, փաստորեն, թուրքերին 100 տարի անց էլ հանգիստ չի տալիս։ Արդյո՞ք թուրքերը գիտակցում են, որ այդ տարածքները պատմականորեն իրենցը չէ և ցանկացած պահի կարող են դարձյալ կորցնել։
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս առիթով նկատեց, որ մեր տարածաշրջանում հիմա իրավիճակն այնպիսին է, որ փաստացի ազդեցություն կարող են ունենալ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան․ այս պարագայում, անկախ նրանից, թե այդ երկու երկրներն ինչպես են լեզու գտնում որոշ ծրագրերի շուրջ, միևնույն է, միմյանց բավականին լուրջ մրցակից են համարում։
«Եվ Թուրքիայի որոշ շրջանակներ, բնականաբար, հասկանում են, որ եթե Ռուսաստանն այս հակամարտության արդյունքում ընկալվի որպես հաղթող, ավելին, եթե դա ամրագրվի փաստաթղթերում, ապա Ռուսաստանի ազդեցությունը զգալիորեն կավելանա և Ռուսաստանը գուցե փորձի իր, մասնավորապես, միութենական նախագծերը ընդլայնել նաև Կովկասում՝ մեր տարածաշրջանում, և այդ պարագայում զգալիորեն կնվազի Թուրքիայի գործոնը։ Այս պատճառով փորձում են ռադիկալիզացնել այսօրվա Թուրքիայի իշխանությունների մոտեցումները»,-պարզաբանեց նա։
Պատմական հիմքերը ներկա աշխարհաքաղաքական զարգացումների հիմքում դնելու թրենդը Վլադիմիր Պուտինը զարգացրեց նաև հայտարարելով, որ Ուկրիանան Լենինն է ստեղծել և պետք է ապալենինիիզացնել։ Այս մոտեցումը, փաստորեն, զարգացումների այս փուլում ձեռնտու է նաև Հայաստանին, քանի որ նույն այդ Կարսի, Արդահանի, ինչպես նաև Արարատ լեռան՝ Սուրմալու գավառով, Նախիջանի ու Ղարաբաղի ապալենինիզացիայի թեզը կարելի էր գեներացնել Պուտինի օրինակով, և թուրք քաղաքական գործիչների վատ երազները գուցե իրականանային։
Վիգեն Հակոբյանը համարում է, որ Հայկական հարցի այս մոտեցումը, որ լուծման գործիքակազմում է, եթե բարձրացվի, Ուկրաինայի շուրջ զարգացումներին նոր էներգետիկա կհաղորդի, բայց փաստն այն է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները բացարձակապես այլ ստրատեգիական նպատակներ են դնում՝ ամեն ինչ անում են, որ հայ-թուրքական հարաբերությունները ցանկացած գնով գնան դեպի նորմալացում։
Նա ուկրաինական խնդրի լուծման երկու հնարավոր սցենար է կանխատեսում․ պլան ա) Դոնեցկի և Լուգանսկի ընդլայնված մարզերի անցում Ռուսաստանին, պլան բ) դրանից բացի նաև ցամաքային կապ Ղրիմի հետ։ Ամեն դեպքում, մեկ բան հաստատ է համարում ՝ Ուկրաինայի սահմաններն այլևս առաջվանը չեն լինելու։
Քաղաքագետը չբացառեց, որ Ուկրաինան Եվրամիություն ընդգրկելը հենց Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կոմպրոմիսն է։
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, հավանաբար, կստորագրվի փաստաթուղթ, որով Ուկրաինան կստանձնի չեզոք կարգավիճակ, այսինքն, նաև ՆԱՏՕ մտնելու մտքերից կհրաժարվի, կապառազմականացվի, փոխարենը, հնարավոր է, դառնա Եվրամիության անդամ, թեև այդ վիճակում երկիր ունենալ իր կազմում Եվրամիության չափանիշներին ոչ մի կերպ չի համապատասխանում։
Երկու կողմերն էլ, նրա համոզմամբ, դեմքը փրկելու խնդիր ունեն։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․