Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Կուսակցությունից կուսակցություն թռչող ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն այսօր առանձնահատուկ կամ, առավել ճիշտ կլինի ասել, ՔՊ-ական դատարկ ու ծիծաղաշարժ հպարտությամբ ներկայացրեց հանրապետության նախագահի՝ ՔՊ-ի թեկնածու Վահագն Խաչատուրյանի կենսագրականը:
Չնայած Կոնջորյանի՝ Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը զարդարելու ուղղությամբ տարած մեծ աշխատանքին ու ելույթը տպավորիչ դարձնելու համար հայելու առաջ երկար պարապմունքներ և նախավարժանքներ կատարած լինելու ակնհայտ իրողությանը, այդուհանդերձ, պարզվեց մի հետաքրքիր իրողություն, որը, ինչպես ձնհալի տակից երևացող աղբը, անհնար էր ծածկել. նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը 1998 – 2021 թթ.՝ շուրջ 23 տարի, գրեթե կենսագրություն չունի: Խոսքը, իհարկե, որպես պետական գործչի կենսագրության մասին է:
ՀՀՇ-ի ժամանակ նրա՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր (1990-1996 թթ.), Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (1992-1996 թթ.), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999 թթ.) և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական (1996-1998 թթ.) լինելը դեռ ոչինչ չի նշանակում: Ինչո՞ւ: Քանի որ ՀՀ անկախացման շրջանում և այդ հևքի հետ ցանկացած մեկը, ով փոքր-ինչ ճարպիկ էր, կարող էր հայտնվել այս կամ այն աթոռին: Ավելին՝ բոլորին է հայտնի, որ ՀՀՇ-ի ժամանակ գործող «թեկուզ պոլի փայտ լինի, կարևորը յուրային լինի» կարգախոսով ով ասես, որ չէր լցվել պետական-իշխանական համակարգ:
Կարճ ասած՝ Վահագն Խաչատուրյանի՝ իբր պետական գործչի կենսագրականը սկսվում է ՀՀՇ-ով, ավարտվում է ՀՀՇ-ի ասպարեզից հեռացմամբ, վերսկսվում 23 տարի անց՝ ՀՀՇ-ի հարությամբ, այն է՝ Լ. Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանի ասպարեզ գալով:
Բնականաբար, Վահագն Խաչատուրյանի կենսագրության՝ ժամանակային առումով շուրջ քառորդ դար կազմող այս խայտառակ միջակայքը փորձ է արվել լրացնել ինչ-ինչ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների կամ մարդկությանն անհայտ կենտրոնների մաս կազմելու մասին զավեշտալի վկայություններով: Այդուհանդերձ, մտածող մարդիկ լավ են հասկանում, որ եթե ցանկացած ոք առավոտյան մի քիչ տրամադրված լինի՝ կարող է օրվա մեջ և՛ մաս կազմել, և՛ հայտարարել, որ ստեղծել է ինչ-որ հասարակական նախաձեռնություն: Առավել ևս, որ դրանց գոյության և գործունեության մասին որևէ մեկը ոչ հաշվետվություն է պահանջելու, ոչ էլ գնդակահարելու է Վահագն Խաչատուրյանին՝ «ջուր ծեծելու» կամ «քամի վռնդելու» համար:
Զավեշտ է, սակայն, փաստ, որ նախագահ է դառնում և ՔՊ-ի կողմից պետական ականավոր գործիչ է համարվում ՀՀՇ-ի մանկլավիկ, ուղիղ 23 տարի տանը նստած և որևէ բանով աչքի չընկած, ազգակործան պատուհաս Փաշինյանի իշխանության սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին (Գռզո մականվամբ) պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում 2019 թ. խորհրդի անդամ դարձած (պարզ է՝ ում կողմից և ինչպես) և ընդամենը ամիսներ առաջ նույն ազգակործան պատուհասի կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված մեկը:
Թե ի՞նչ է անելու ՀՀՇ-ի հետ ապրող, նրա հետ «մեռնող» ու կրկին ՀՀՇ-ի հետ «հարություն առնող», այն է՝ ՀՀՇ-ի կռնատակից դուրս պետական գործչի կյանք ու կենսագրություն չունեցող, շուրջ քառորդ դար «քամի վռնդած» Վահագն Խաչատուրյանն իր նոր պաշտոնում՝ արդեն պարզ է: Անելու է այն, ինչ արել է՝ կատարել ՀՀՇ-Նիկոլի ազգակործան հրահանգները և «քամի վռնդել»:
Հ.Գ. 2018-ին պատրաստված այս տեսանյութում քաղաքական քամելեոն Հայկ Կոնջորյանը, որն այդ ժամանակ շարքային լրագրող էր, Արմեն Սարգսյանի ընտրությունը մեկնաբանելիս ծաղրում և անվանարկում էր առաջադրողներին՝ նշելով. «Ընդամենը մեկ թեկնածու: Ախր ընտրությունը՝ մեկ թեկնածուով, ոնց որ տանգոն՝ մենակով, ոնց որ՝ սեքսը մենակով…»: Հիմա Կոնջորյանին հարց՝ եթե ընդամենը 4 տարի հետո գովերգելու էիր այդ նույն միայնակ տանգոն, իսկ միայնակ սեքսից այդքան հաճույք էիր ստանալու, ապա ինչո՞ւ էիր քեզ սրբի տեղ դրել և խաբում ժողովրդին, չգիտեի՞ր հայտնի ժողովրդական ասացվածքը 40 օրվա մասին:
Վահե Սարգսյան