|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: ՓԾ տնօրենը զեկուցեց նաև Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան լրացուցիչ ուժեր:
Ներկայումս ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով վրանային հենակետեր են ծավալված ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում և Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը և անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ մինչև հունվարի 22-ը ժամանակ առ ժամանակ կնկատվեն տեղումներ, կգրանցվեն քամիներ, իսկ ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում և ԼՂՀ տարածքում ճանապարհների անցանելիության մասին:
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի ՄՓՎ աշխատակիցներին՝ հունվարի 11-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին արագ արձագանքելու և ԼՂՀ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: