Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Լոռու մարզային կառույցի անդամ Արմենուհի Կյուրեղյանը Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա առիթով Վանաձորի Կենտրոնական գրադարանում Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության և Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի կողմից նախաձեռնված միջոցառմանը հանդես է եկել ելույթով:
Yerkir.am-ը ներկայացնում է պատգամավորի ելույթն ամբողջությամբ.
Հովհաննես Թումանյանի անզուգական դերը հայ գրականության մեջ վաղուց արդեն անվիճարկելի, բացարձակ ճշմարտություն է։ Այդ մասին, թերևս, ամենից լավ ասել է Պարույր Սևակը՝ «մեր գրականության մեծերի մեծը»:
Որքան անգնահատելի է Թումանյանի թողած ժառանգությունը հայ գրականության մեջ, նույնքան անգնահատելի և զարմանալիորեն արդիական են նրա դատողությունները հասարակական – քաղաքական ոլորտում։
Արդիական չե՞ն արդյոք մեծ լոռեցու այս մտորումները…
Թումանյանի կարծիքով` ինչպես անհատի, այնպես էլ հանրության կյանքի բնականոն կազմակերպման, նրանց շահերի ներդաշնակման, հավաքականության ներուժն առավելագույնս բացահայտելու և արդյունավետ գործադրելու հիմնական պայմանը ինքնաճանաչումն է։
«Ճանաչի՛ր ինքդ քեզ ինքնակատարելագործվելու, լավանալու, բարձրանալու համար», - ասում է Հովհ․ Թումանյանը։
Ազգային անինքնաճանաչությունը, սեփական ազգային «ես»-ին անծանոթ մնալը, ըստ Թումանյանի, «մեծ ցավ է», «ամոթալի մի դրություն»: Եվ այդ ցավը պատել է հայությանը. «Չգիտենք մենք ի՛նչ ենք եղել, ի՛նչ ենք արել, ինչո՛ւ և ինչպես, ի՛նչ օրով, ի՛նչ ճանապարհով ենք էստեղ հասել»:
Ինչի՞ է հանգեցնում չիմացությունը թե՛ ամբողջ ազգային հանրույթին, թե՛ դրա առանձին անդամին: Սեփական պատմությունը, մշակույթը, լեզուն, հարազատ բնօրրանը չճանաչողը հնարավորություն չունի սթափ ինքնագնահատական ձևավորելու, ուստի և նա անխուսափելիորեն երկու ծայրահեղության է հասնում՝ կա՛մ ազգային պարծենկոտության, կա՛մ ազգային ինքնանվաստացման: Այս վերջին հոգեվիճակը Հովհ. Թումանյանը բնութագրել է այսպես. «Եվ ի՛նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը իր անհատական խեղճությունն ու դատարկությունը կարող է հեշտ տարածել իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, արհամարհել իր ցեղը, իր անունից ամաչել, ուրանալ, իրեն թույլ տալ իր ցեղի վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում՝ սկսած իրենից»:
Բանաստեղծը՝ որպես հանրության առավել զգայուն անդամ, իրեն պարտավորված է զգում ոչ միայն դատողություններ, այլև որոշակի առաջարկություններ անելու: «Ինչպես ֆիզիկական հիվանդությունները ունեն իրենց առանձնահատուկ հաստատ սիմպտոմը, ախտանշանը, էնպես էլ հասարակական-բարոյական հիվանդությունները ունեն իրենց ախտանշանը.... Սրա համար էլ եթե մի հասարակության մեջ վատ բարքեր են հայտնվում, որպես բարոյական անկման ախտանշաններ, նա պետք է կռվի դրանց դեմ և իր բարոյական առողջության վրա էլ հոգ տանի էնպես, ինչպես հոգ է տանելու իր ֆիզիկական առողջության վրա»:
Անձնային և ազգային ինքնաճանաչման պակասը հանգում է հանրային կյանքի անցանկալի հետևանքների: Բանաստեղծը հատկապես առանձնացնում է այն, երբ մարդն իր տեղում չէ, երբ ունեցած գիտելիքներն ու հմտությունները չեն համապատասխանում զբաղեցրած դիրքին, բայց ոչ պակաս «մեծ ցավ» է գնահատում, երբ դա լինում է ոչ թե պատահականություն կամ տվյալ անհատի կատարած սխալ ընտրության հետևանք, այլ ազգային-հանրային ձախավեր օրինաչափություն, համակեցության անկազմակերպվածության վկայություն:
Արդիական չե՞ն արդյոք իր ժամանակի մի ընտրության վերաբերյալ բանաստեղծի մտորումները:
Ինքնաճանաչման պակասը և ինքնագնահատականի աղավաղումը կարող են հանգեցնել հանրային կյանքի կարգավորման համակարգային խաթարման, հասարակության անդամների ապակողմնորոշման, երբ իշխանության գլխին հայտնվում են ոչ թե սոսկ տվյալ դերակատարմանն անհամապատասխան մարդիկ, այլ խարդախ ստահակները:
Ի՞նչն է վնասակար ազգային համերաշխության համար. փոխանակ մրցակցային ազնիվ պայքարում հաղթելու և հանրության քվեն շահելու, ամեն ինչ արվում է դիմացինին վարկաբեկելու, տապալելու համար, իսկ առավել վնասակարն այսօրինակ վարվելակերպի բարոյական արձագանքն է, արժեքային համակարգի կաթվածահարումը: Այնպես որ` միանգամայն հիմնավոր է Հովհաննես Թումանյանի ահազանգը. «Եվ տապալում ու խորտակում են, բայց ոչ թե իրենց հակառակորդին, այլ հավատը մարդկանց մեջ, հավատը դեպի մարդն ու մարդու ազնիվ խոսքը, դեպի գործիչն ու գործը, դեպի գրվածքն ու գրողը: Եվ այս հազար անգամ ավելի լուրջ խնդիր է»:
Ներազգային փոխհարաբերությունների նման ընթացքի հնարավոր շտկումը, հանրային կյանքի խելամիտ և արդյունավետ կարգավորումն այն է, որ ամեն ոք հայտնվի իրեն արժանի տեղում և չփորձի անօրեն կերպով գրավել ավելի արժանավորի տեղը: Սա Հովհաննես Թումանյանը ձևակերպել է անվերապահ հրամայականի ձևով. «Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության, միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճոխությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ»:
Արդիական չե՞ն արդյոք «Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» կառավարման սկզբունքով, ինչպես նաև հայոց լուսավոր գալիքի հանդեպ հավատով ու վստահությամբ առաջնորդվելու՝ Թումանյանի առաջարկները։
«Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը», - խոստովանում է Հովհ. Թումանյանը։
Մեծն լոռեցու բոլոր այս մտորումները խիստ արդիական են…