կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 13:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է հասկանանք՝ արդյո՞ք տուժողը գանգատ ունի․ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանների պաշտպան

Միանշանակ պետք է Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանների գործով տուժողը ներկա լինի դատավարությանը, որովհետև շատ հետաքրիր է՝ արդյո՞ք տուժողն ունի որևէ գանգատ, ունեցել է որևէ բողոք, ինձ համար այդ ամենը հարցական է՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում։ Մինչ այդ դատարանը որոշել էր նիստը հետաձգել տուժողի բացակայության պատճառով, որն այժմ գտնվում է ծառայության մեջ և կողմերը միջնորդեցին, որ անպայման ներկա լինի։

«Պետք է հասկանանք՝ արդյո՞ք այդ մարդը բողոք ունի, արդյո՞ք այդ մարդը պատմում է այն, ինչ կա, որովհետև գործով շատ բան պարզ չէ»,-ասաց նա։

Գործում առկա է ինչ-որ տեսաձայնագրություն, որը ևս Սաղաթելյանների պաշտպանները չեն տեսել և միջնորդեցին դա տրամադրել։

«Պարզ չէ, թե այնտեղ ինչ է, իսկ գործում նշված է, որ ինչ-որ անձինք գնացին այն կողմ, ինչ-որ անձինք եկան այս կողմ, ինչ-որ իմիտացիոն բնույթ է կրում, դրա համար ցանկալի է և՛ այդ տեսաձայնագրությունը տեսնել, և՛ նաև տուժողին լսել, դա և՛ տուժողի, և՛ ամբաստանյալի շահերից է բխում»,-ասաց պաշտպանը։

Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի եղբայրներն են, և պաշտպանը համոզված է, որ ի սկզբանե նպատակը եղել է քաղաքական ճնշում գործադրելը։

«Բազմաթիվ են նման գործերը, որ քաղաքական հետապնդումներ են իրականցվում, սա մահակ է դառնում իշխանությունների ձեռքին, որ ցանկացած պահի կարող են ճնշում գործադրել՝ տվյալ դեպքում Իշխան Սաղաթելյանի վրա։ Բավականին  ծանր հոդված է դրված՝ խուլիգանություն խմբի կողմից, ընդ որում խումբ համարվող 3-րդ անձի հետ նրանք որևէ ծանոթություն, որևէ կապ չունեն, իրենք վրանի մեջ նստած են եղել, այդտեղից եկել և դուրս են հանել։ Բերման են ենթարկել ուրիշ ոստիկաններ, ցուցմունք են տվել այլ ոստիկաններ, այսինքն, ի սկզբանե սարքոցի է»,-ասաց փաստաբանը։

Նրա համար միանշանակ է, որ սա քաղաքական հետապնդում է։

Մանրամասն՝ տեսանյութում․