Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թափառող շների չլուծվող խնդիրը Գյումրիում վերջին օրերին մեծ աղմուկ է հանել։ Գյումրու Պոլիգոն կոչվող թաղամասի բնակիչները բողոքում են թափառող շներից։ 10-15 գազազած, չստերջացված շներից կազմված ոհմակներ օրը ցերեկով հարձակվում են անցորդների վրա, շրջում այգիներով, փողոցներով, մանկապարտեզների, դպրոցների բակերում ու խաթարում մարդկանց տեղաշարժը։
Սոցիալական ցանցերում խնդրի մասին ահազանգած Գյումրու բնակիչ Սահականուշ Եգանյանը, որը ոհմակի կողմից հարձակման է ենթարկվել, Yerkir.am-ի հետ զրույցում շեշտեց՝ պահանջը շներին ոչնչացնելը չէ, այլ ստերջացնելն ու համապատասխան կացարան տեղափոխելը։
«Այդ կենդանիներին պիտի տարածք տրամադրվի, նրանց խնամք ու սնունդ է պետք: Օրենքը հիմա կենդանիների կողմն է, ոչ թե մարդկանց․ եթե մեկը փորձի հարվածել՝ օրենքով կպատժվի։ Այս մասին ասել են նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչները։ Բնակիչները վախենում են, շների հարձակումից հետո գնում են ոստիկանություն, բաժնում ասում են՝ կենդանիներին չսատկացնեք։ Օրենք կա՝ կենդանուն կպար, կդատվես: Մենք չենք էլ ուզում կենդանիներին կպնել, բայց քանի որ մարդկային կյանքի հետ գործ ունենք, պիտի մի բան մտածել»,- ասաց նա:
Եգանյանը արեւելյան բժշկության մասնագետ է։ Ասում է՝ վախից մարդու մոտ առաջանում են տարատեսակ հիվանդություններ՝ արյան խնդիր, շաքարային դիաբետ: Իր վրա հարձակումից հետո օրեր շարունակ ոտքի չի կանգնել։ Պատմում է․ «Դեպքից հետո մի քանի օր անջատված քնել եմ, չեմ կարողացել շարժվել։ Այդ օրը 15 շուն հարձակվեց ինձ վրա, անհավատալի տեսարան էր: Մենակ ֆիլմերում կարելի է նման բան տեսնել: Ընկել եմ գետնին՝ վիրահատված կողքիս վրա, մարդ չկար տարածքում, սարսափելի վիճակ էր: Դեպքը տեղի է ունեցել Պոլիգոն թաղամասում»
Եգանյանի խոսքով՝ գազազած չորքոտանիների հարձակման վտանգը առկա է քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում։ «Գյումրու բոլոր հատվածներում գազազած շների պակաս չկա: Խմբակային շրջում են: Հարձակման դեպքեր էլի են եղել։ Երկու օր առաջ «Վոյեննի գորոդոկ» կոչվող հատվածում մի կնոջ վրա են հարձակվել, մինչ այդ էլ մի հոգու հազիվ են հասցրել հիվանդանոց: Երեխաների վրա են հարձակվում։ Ես էլ երկու անգամ հրաշքով եմ փրկվել»,- ասաց նա։
Եգանյանը նշեց, որ Գյումրիում թափառող շների խնդիրը նոր չէ, իրավապահ մարմիններին, քաղաքապետարանի աշխատակիցներին ժամանակ առ ժամանակ դիմում են, սակայն՝ ապարդյուն։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՏԻՄ ընտրություններում կրկին վերընտրվեց, ապա միացավ իշխող վարչախմբին՝ ՔՊ-ին: Որպես խնդրի մասին ահազանգած գյումրեցի՝ Եգանյանը սպասելիքներ չունի, անօգուտ է։
«Ես արեւելյան բժշկության մասնագետ եմ, շատերն են ինձ ճանաչում, բազմաթիվ զինվորների հետ եմ աշխատել, բարերարներ եմ գտել, բայց երբեք քաղաքապետարանի կամ որեւէ այլ ատյանի հետ համագործակցություն չեմ ունեցել: Գիտեմ, որ իմաստ չկա, անօգուտ պիտի գնամ ու գամ: Տարբեր մարդիկ հիմա էլ ինձ սպառնում են՝ խնդիրը բարձրաձայնելու համար։ Գրառումներս վերցրել ու տեղադրել են տարբեր կայքերում, ինչ անբարո մեկնաբանություններ ասես, որ չեն գրում, ամենավերջին վիրավորանքները հասցեիս, անձնական նամակներով էլ ահաբեկում են, թե՝ դու քո օրը կտեսնես, որտեղ էլ լինես, կգտնենք, կվերացնենք»,- այլայլված պատմեց կինը։
Գուրգեն Բաղդասարյան անունով մի օգտատեր, որը եւս հարձակման է ենթարկվել շների կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ կառավարություն, Շիրակի մարզպետարան, Գյումրու համայնքապետարան, եթե դուք չեք զբաղվում թափառական կատաղած շների հարցով, գուցե քաղաքացիներս զբաղվենք։ Թափառական շները վնաս են պատճառում հասարակությանը՝ մնալով անպատիժ, քաղաքացին էլ վնասը կրելով՝ ինքն իրեն բուժվում է մեծ դժվարությամբ, որեւէ մեկը չկա, որ գնա բողոքը արտահայտի։ Կամ, որ արտահայտեց ինչ։ Ամենուրեք խմբավորված շներ են, ո՛չ ցերեկը, ո՛չ էլ նամանավանդ գիշերը հնարավոր չէ փողոց դուրս գալ։ Այս հարցը ի վերջո լուծում ստանալու՞ է։ Ոնց հասկանում եմ՝ այս վիճակը միայն Գյումրիում է։ Ահա պատկերը մանկապարտեզի դիմաց (կից հրապարակել է տեսանյութ եւ նկարներ)։ Ժողովրդի ապրելակերպի եւ անվտանգության համար ո՞վ պիտի պատասխան տա։ Օրինակ՝ Կենտրոնական հրապարակի տարածքում գտնվող շները, համայնքապետարանի բնակ․ կոմունալ բաժնի հավաքարար-աշխատակցի՝ Նունեի շներն են, ուր գնում է՝ հետը ֆռացնում է։ Դիմեցի համայնքապետարան՝ խնդրանքով, որ այդ հավաքարարին տանեն մի այնպիսի տարածք, որտեղ մարդկանց շարժը քիչ է, ինձ պատասխանեցին թե ինքը լավ հավաքարար է, պտի մնա հրապարակում»։
Փորձեցինք կապ հաստատել Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հետ, որպեսզի հասկանանք՝ քաղաքապետարանն այսքան աղմուկից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ կենդանիներին ապաստարան տեղափոխելու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ 2019 թ․-ին ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
Լիանա Սարգսյան