Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում 2020թ. օգոստոսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված 3 քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել է մարզի «Ագարակ, Լեջան և Յաղդան նախկին համայնքներում (ներկայումս ընդգրկված են Լոռի Բերդ խոշորացված համայնքում» նույն սխեմայով իրականացված՝ համայնքապատկան հողամասների ապօրինի օտարման, դրանք վարձակալական հիմունքներով, օրենսդրության պահանջների խախտմամբ շահագործելու դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից:
Մասնավորապես, քննություններով պարզվել է, որ Ագարակ, Լեջան և Յաղդան համայնքների նախկին ղեկավարները, նախապես տեղյակ լինելով կապի օպերատոր ընկերության կողմից իրենց համայնքների վարչական տարածքներում բջջային ալեհավաք կայան կառուցելու մտադրության մասին և ընդառաջ գնալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ստեփանավան» սպասարկման գրասենյակի պետ Ա. Բ.-ի առաջարկին՝ 2015թ. հոկտեմբերին համայնքային սեփականության բնակավայրերի կամ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,01 հա, 0,015 հա 3 հողամասեր, հակառակ համայնքի շահերի, ձևական անցկացված աճուրդով 17000 կամ 25.000 դրամով օտարել են ձևականորեն հաղթող ճանաչված՝ մի դեպքում Ա Բ-ի կնոջը, մի դեպքում՝ որդուն, երրորդի պարագայում՝ ազգականին:
Հողամասերը ձեռք բերելուց ընդամենը օրեր անց վերջիններս դրանք վարձակալությամբ 40.000-ական դրամ ամսեկան վարձավճարի դիմաց տրամադրել են նշված ընկերությանը և մինչև 2020թ. հուլիս վարձավճարի տեսքով յուրաքանչյուր հողամասի պարագայում ստացել ընդհանուր՝ շուրջ 1.800.000-ական ՀՀ դրամ եկամուտ:
Ընկերությունը հողամասերն օգտագործել է նպատակային նշանակությանը ոչ համապատասխան. առանց հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերի դրանց վրա կառուցել է բջջային ալեհավաք կայան, ինչը դիտավորությամբ համայնքների ղեկավարների կողմից չի կասեցվել, ընկերությունը վարչական պատասխանատվության չի ենթարկվել:
Այսինքն ոչ միայն տևական ժամանակ համայնքները զրկված են եղել իրենց գույքի օգտագործման արդյունքում խոշոր չափերի եկամուտ ստանալու օրինական հնարավորությունից, այլ նաև ներկայումս առերևույթ կատարված հանցագործության հետևանքները դեռևս չեն վերացել, համայնքների վարչական տարածքներում դեռևս շարունակում են գործել կապի օպերատորի հետ կնքված վարձակալության պայմանագրերը, ինչի ուժով ապօրինաբար շարունակվում է վարձավճարների գումարների ստացումը:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ շեշտելով մարզպետարանի իրավասությունների շրջանակներում համայնքի հետ գործակցությամբ նշված բնակավայրերի օրինական շահերի և իրավունքների շարունակվող խախտումները վերացնելու անհրաժեշտությունը:
Մանավորապես, մարզի դատախազն առաջարկել է միջնորդագրի քննարկման արդյունքում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ՀՀ Լոռու մարզի Լեռի Բերդ խոշորացված համայնքի նշված երեք բնակավայրերի համայնքապատկան հողամասերի օտարման վերաբերյալ օրենքի խախտմամբ իրականացված աճուրդներն անվավեր ճանաչելու և նշված հողամասերը համայնքի սեփականություն դարձնելու գործընթաց սկսելու ուղղությամբ:
Առաջարկվել է նաև, ըստ այդմ, իրականացնել կոնկրետ քայլեր կապի օպերատորի կողմից վարձակալության պայմանագրերը համայնքի հետ կնքելու, սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված համայնքապատկան հողամասերի վարձակալության դիմաց ստացված և չվերականգնված եկամուտները համայնքի օգտին բռնագանձելու ուղղությամբ:
Բացի այդ, մարզի դատախազի կողմից բարձրացվել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: