Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ակնայի (Աղդամի) նախկին խորհրդային շրջանը դավադրաբար թշնամուն հանձնելուց հետո Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղը, որն Արցախի Ջրաբերդ գավառի հնագույն բնակավայրերից է, վերստին հայտնվեց թշնամու ուղիղ նշանառության տակ:
2018 թ. տվյալներով` 103 տուն և 434 բնակիչ ունեցող Ճանկաթաղը դարձյալ տագնապի ու մղձավանջի մեջ է: Բախտի չար կատակ է, թե՝ ճակատագիր, այդուհանդերձ, ճանկաթաղցիների՝ մեզ հայտնի ամբողջ անցյալը պայքարի, հերոսապատումի, բռնագաղթի, բառի ուղիղ իմաստով՝ մոխրանալու և, ի վերջո, հառնելու տեսարաններ են․
Ահա պատկերներ, որոնց միջոցով կարելի է նկարահանել պատմագեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ:
«Աղդամի շրջանը հանձնելուց հետո գյուղն ամբողջությամբ դիտարկվում է թշնամու կողմից»,- Yerkir.am-ի հետ զրույցում դիմացի բարձունքը մատնանշելով՝ ասաց Ճանկաթաղի գյուղապետ Սասուն Վանյանը: Գյուղում կատարվում են որոշակի աշխատանքներ, կառուցվում է ջրագիծ: Գյուղացիները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իրենց ապրուստը հոգում են դպրոցում, գյուղապետարանում աշխատելով, անասնապահությամբ, զգալի է նաև գյուղի հարևանությամբ գործող հանքավայրում աշխատող («Բեյզ Մեթըլս» ընկերությունն արդյունահանում է պղինձ) ճանկաթաղցիների թիվը:
Գյուղապետն առաջարկում է գործարարներին՝ Ճանկաթաղում հիմնել գորգագործության կենտրոն, որը գյուղացիների և, հատկապես, կանանց համար կապահովի լրացուցիչ աշխատատեղեր:
Վերջին շրջանում հանքավայրի կողքին տեղակայվել են ռուս խաղաղապահները, ինչը, անվտանգության առումով, որոշակի դրական ազդեցություն է թողել:
«Աղդամը, ազատագրված տարածքները տանք, որ լավ ապրենք, թուրքի հետ բարեկամանանք և խաղաղ ապրենք» տեսակետին չեն հավատում Ճանկաթաղում:
«Թուրքի հետ մենք չենք կարող ապրել, դա անհնարին բան է: Ինչքան էլ իրենց ուզածը բավարարենք՝ թուրքը մնում է թուրք, ո՞նց կարող ենք միասին ապրել, դա հնարավոր չէ»,- նշում է գյուղապետը: Հարցին՝ ինչո՞ւ, թուրքն էլի՞ պահանջներ ունի, Սասուն Վանյանը պատասխանում է. «Իրենց պահանջները միշտ էլ կան»: Ի՞նչ է, ի վերջո, թուրքի ուզածը. Ճանկաթաղի գյուղապետը ժպտում է. «Դե, որ իրենց կազմում լինենք»: Հնարավո՞ր է Արցախի ապագան այդ կերպ պատկերացնել՝ հարցը մեկ պատասխան ունի. «Իհարկե՝ ոչ: Էսքան զոհերից հետո ո՞նց կարելի է… Առաջին պատերազմին՝ 20, վերջին պատերազմին 6 զոհ ենք տվել, ինչպե՞ս կարող ենք իրենց կազմում ապրել…»:
Ճանկաթաղցի Մելսիկ Ավանեսյանը թեև ապրում է Ստեփանակերտում, բայց մարտական գործողությունների ողջ ընթացքում մարտնչել է հայրենի գյուղի կամավորական ջոկատներում: Ճանկաթաղցիները 44-օրյայի ընթացքում հիմնականում մարտնչել են Մատաղիսում, այնուհետև՝ Կարմիր շուկայում: Գյուղը տվել է 6 զոհ, 5 վիրավոր: Ճանկաթաղի նահատակ հայորդիների պանթեոնի հիմնման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
«Ճիշտ է, էն ա՝ թուրքը էնտեղ կանգնած է, բայց հեռացող չկա էստեղից, մեզ ուրիշ տեղ սպասող չկա»,- դիմացի բարձունքին բազմած ադրբեջանական դիրքերը մատնացույց անելով՝ նշում է Մելսիկ Ավանեսյանը:
44-օրյայից և Ակնայի հանձնումից հետո Ճանկաթաղի ճանապարհը երկարել է՝ 40 կմ-ից դառնալով 65 կմ: Գումարած այս ամենին՝ Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ մայրուղուց սկսած՝ մինչև Ճանկաթաղ ճանապարհը, ոչ ասֆալտապատ է, քանդված և դժվարանցանելի: Ի դեպ, այդ հատվածն այժմ նորոգման ընթացքի մեջ է, որը Ստեփանակերտ – Մարտակերտ նոր ճանապարհն է լինելու:
Ճանկաթաղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանը, որը մեզ ներկայացրեց գյուղի պատմությունը, փաստում է՝ գյուղի դիմացի բարձունքի դիրքը, որը 44-օրյայից հետո զբաղեցրել է թշնամին, անգամ չի մտել Աղդամի խորհրդային շրջանի վարչական սահմանների մեջ և խորհրդային տարիներին եղել է Ճանկաթաղի տարածքը: Ադրբեջանցիները կրակել և չեն թողել, որպեսզի կառուցվի նոր հեռուստաաշտարակ:
Վրեժ Խաչատրյանը ևս չի հավատում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանին»: Ըստ նրա՝ խաղաղության հաստատման համար պետք է պատրաստ լինեն երկու կողմերն էլ: «Միակողմանի խաղաղություն չի լինում, և թշնամու այսօրվա ռազմատենչ հայտարարությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում», - փաստում է պատմության ուսուցիչը:
Ճանկաթաղում հնարավոր համարո՞ւմ են այժմ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող նախկին ճանապարհով, այն է՝ «խաղաղ դարաշրջանով» հասնել Ստեփանակերտ՝ հարցին Վրեժ Խաչատրյանն ունի «փորձաքննություն» անցած պատասխան. «Այդ ճանապարհով կարող է 1 անգամ հասնենք Ստեփանակերտ, բայց երկրորդ անգամ մեր մեքենաները կքարկոծեն, և այդ անգամ արդեն տեղ չենք հասնի»:
Ճանկաթաղը ևս ներառված է «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մեջ. Տաթև Ենոքյանը, որն Արտաշատից է, սեպտեմբերից դասավանդում է Ճանկաթաղի միջնակարգ դպրոցում: Տաթևն անսահման սիրում է Ճանկաթաղն ու իր աշակերտներին և իրեն արդեն համարում է գյուղի ու Արցախի մի մասնիկը:
Ինչպես Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը, «սահմանամերձի» կարգավիճակ ստացած, վերստին թուրքի յաթաղանի տակ հայտնված ճանկաթաղցին այսօր ևս մաքառումների մեջ է, հաստատակամորեն կառչած է իր հողին ու պատմությանը՝ պատրաստ կերտելու նոր արշալույսներ:
Վահե Սարգսյան