կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 23:37
Հասարակություն

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում

19-րդ դարի 90-ական թ.թ. սկզբներին արյունարբու սուլթան աբդյուլ համիդ 2-րդի ֆարմանով օսմանական բանակ զորակոչվեցին նաև 18-ից 45 տարեկան հայ երիտասարդները։ Հայ զինվորներին զենք տալն արգելված էր։ Նրանց օգտագործում էին ճանապարհաշինության մեջ, իսկ որոշ ժամանակ անց տանում էին անհայտ ուղղությամբ և խուլ ձորերում գնդակահարում կամ սրածում։ Նպատակը մոտ ապագայում ծրագրած ջարդերի դիմադրողական ուժը վերացնելն էր և դրանց անարգել իրագործումը։ Եւ հաջողեց ճիվաղը։ Միայն 1895-1896 թ.թ. Արևմտյան Հայաստանում համիդն անարգել կոտորեց ավելի քան 300 000 հայերի։ Եվս 600 000 մարդ մինչև 1905 թ. լքեց երկիրը։ Տվյալները անգլիացի վիճակագիր Միլոնինն են։

«Համիդին ամէնէն արիւնկզակ զավկները»` (Արշակ Չօպանեան) երիտթուրքերը, որդեգրեցին համիդի քաղաքականությունը։ Նրանք այն փորձարկեցին 1909-ի ապրիլին Կիլիկիայում` կոտորելով 30 000 հայերի։ Ապա ամբողջացրին 1915-1923 թ.թ.` իրագործելով ցեղասպանական պետական ծրագիրը։ 1918թ. մեծ ոճրագործը` թալեաթը, պարծենում էր` «Երեք տարիներու ընթացքին ես հայկական հարցին մէջ ավելին ըրի, քան համիդ իր երեսուն տարիներուն մէջ»:

Նա կիրառել էր նույն մեթոդը. նախ բանակ զորակոչեց և տարբեր ձևերով փչացրեց դիմադրելու ունակ հիմնական ուժը` երիտասարդությանը, ապա` գաղափարի ներուժը` մտավորականությանը։ Մինչ այդ հնարավորինս ոչնչացրել էին հայ ազատագրական շարժման առաջնորդներից շատերին, այսինքն` հերոսներին։

2018-ից խաչակրաց արշավանք սկսվեց ամեն հայի ու հայկականի դեմ։ Հնարավորինս սահմանափակվեցին հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու կիրառման շրջանակները, սկսեցին հերքվել կամ աղավաղվել նրանց ազգային որակները։ Գրական հայերենն սկսեց տեղի տալ պղտոր հորձանքով առաջ մղվող գռեհիկ, փողոցային բառակույտով լեցուն, հայհոյախառն ինչ-որ խոսույթի առաջ։ Ուսուցման գործընթացից դուրս մղվեցին ռազմահայրենասիրական դաստիարակության բոլոր տարրերը` տեղը զիջելով «հուզանք ու զանգ» տիպի գլոբալիստական իդիոտիզմին կամ լգբտ-ական «ազատ գաղափարագարությանը»:

Անլուր հալածանքներով, կեղծ մեղադրանքներով, մոգոնովի «փաստարկներով» վարկաբեկվեցին, բանտերը նետվեցին հայրենիքի սահմանները վերականգնած և դրանց անվտանգության երաշխավոր երեկվա հերոսները։ Վարկաբեկվեց հերոսականության գաղափարը:

2020թ. սեպտեմբերի 27-ին ինչ-ինչ կասկածելի հանգամանքների պայմաններում սկսվեց ադրբեջանաարցախյան պատերազմը։ 44-օրյա այդ պատերազմում նույնքան կասկածելի քաոսային մարտավարության պատճառով զոհվեցին 18-21 տարեկան ավելի քան 5000 ( այլ տվյալներով` շուրջ 7000) պատանիներ, ավելի քան 13000-ը վիրավորվեցին և հաշմվեցին, հազարավորներն էլ անհայտ կորած համարվեցին, շատերը գերեվարվեցին։Փչացվեց ազգային գենոֆոնդը։ Բուհերից, դպրոցներից, կրթական այլ օջախներից տարբեր «հիմնավորումներով» և հորինովի օրենքներով հեռացվում են ազգային նկարագիր ունեցող կամ «քայլ չարած» ղեկավարները։ Նրանց փոխարինում են քայլարածները կամ դրանց համակիրները` անկախ կրթվածությունից և մասնագիտական պատրաստվածությունից։

Չկա կամ աննշան է տարբերությունը 20-րդ և 21-րդ դարասկիզբների միջև։

Սա պարզ զուգադիպությու՞ն է, թե՞ ընդօրինակում։

Պատմությունն այսպե՞ս է կրկնվում։

(Օգնություն ապագա պատմաբանին)

Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ