* Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակազմի և վերջինիս սյուզերենի՝ Ադրբեջանի միջև կար գաղտնի համաձայնություն՝ անեքսիայի ենթարկելու Սյունիքի մի հատվածն այն ժամանակ միայն, երբ իբր պատրաստ կլիներ այլընտրանքային ճանապարհը։ Այդ «լավության» դիմաց Ադրբեջանը պահանջել էր, որ հենց հայկական կողմն անի հայտարարությունը՝ որպես ազգային նվաստացման մի նոր դրվագ։
* Համանման դեպք հայոց պատմության մեջ եղել է Շահ Աբբասի բռնագաղթից առաջ, երբ Արարատյան դաշտի հայ խոջաները համոզել էին պարսիկ պաշտոնյաներին՝ մի քանի ամսով հետաձգելու բռնագաղթը, որ բնակչությունը հասցնի պատրաստվել։
* Այս երկու դեպքում էլ գործ ունենք նույն գործոնի հետ՝ հայ ազգը՝ որպես քաղաքական միավոր, չունի իր շահերն այլոց հետ հարաբերություններում առաջ տանելու ընդունակ ինքնիշխան ազգային դաս։ Այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի կամակատար դրածո կոլաբորացիոնիստական վարչակարգ է, որի ամբողջ էթոսն ու խոսույթը մեկ առ մեկ համապատասխանում է մեր թշնամիների մտայնություններին՝ սկսած ցեղասպանությանը հանգեցրած պատճառների ըմբռնումից, վերջացրած ատելության օբյեկտներով (եկեղեցի, ֆիդայիներ, արցախցիներ, գեներալներ, ՀՅԴ և այլն)։
Էդգար Էլբակյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ