կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 17:02
Քաղաքական

COVID–19-ի «կանխարգելման» նիկոլական կրկեսը՝ սահմանային անցակետերում

COVID–19-ի «կանխարգելման» նիկոլական կրկեսը՝ սահմանային անցակետերում

ՀՀ իշխանությունների՝ COVID – 19-ի դեմ «պայքարն» իսկական կրկես է հիշեցնում: Ավելի ստույգ՝ դա ոչ թե պայքար է կամ տրամաբանության տարրական կանոններին չենթարկվող միջոցառումների շարք, այլ բիզնես (բառի, իհարկե, վատագույն իմաստով):

Թագավիրուսի դեմ փաշինյանական «կրկես-պայքարի» շրջանակներում իրականացվող մի արտառոց միջոցառում է քաղաքացիների (անկախ քաղաքացիության երկրից) երկիր մուտք գործելու ընթացքում իրականացվող «օպերացիան»:

Ի՞նչ է կատարվում. քաղաքացին, որը չի ներկայացնում պատվաստված լինելը հավաստող տվյալներ, մուտք գործելով երկիր, պարտավոր է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID – 19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություն կամ, ժողովրդական լեզվով ասված, քաղաքացին պարտավոր է հանձնել ՊՇՌ թեստ:  

Առաջին հայացքից՝ կարևոր միջոցառում: Բայց… Սահմանային անցակետերում «ստուգումն» ու թագավիրուսով վարակված քաղաքացիների «հայտնաբերման» տվյալ փուլը դրանով ավարտվում է. մարդիկ դրանից հետո ստորագրում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարտադիր ինքնամեկուսացման հրահանգավորման ծանուցագրի (տե՛ս ստորև) տակ, որով պարտավորվում են մինչ ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը ինքնամեկուսանալ իրենց կողմից նշված հասցեում: Քաղաքացիների հարցին՝ ե՞րբ կստանան պատասխանը, սահմանային անցակետերում «պարզաբանում են»՝ առաջիկա օրերին՝ SMS հաղորդագրության տեսքով, ընդ որում՝ բացասականի դեպքում՝ հաղորդագրություն չեն ուղարկելու: Այսինքն, ըստ փաշինյանական իշխանության տրամաբանության, քաղաքացին մի քանի օր ինքնամեկուսանալուց հետո, մի գեղեցիկ օր երկնքին կամ սուրճի բաժակին նայելու է և «զգալու», որ ինքն այլևս վիրուսակիր չէ, ազատ շունչ է քաշելու և դուրս է գալու մարդամեջ:

Բայց կրկեսը միայն վերոնշյալով չի սահմանափակվում. թե երկիր մտնող ո՞ր մի քաղաքացին է հետևում ինքնամեկուսացման վերոնշյալ հրահանգավորմանը՝ վերևներին դա հետաքրքիր չէ, քանի որ ստուգման որևէ մեխանիզմ գոյություն չունի:

Ի՞նչ անել: Օրինակ՝ Վրաստան և շատ այլ երկրներ մուտք գործելիս քաղաքացին պարտադիր կարգով ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքն արտացոլող տվյալներ (ՊՇՌ թեստի բացասական արդյունքն արտացոլող տվյալներով մուտք գործող այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստված, օրինակ, Վրաստանում 72 ժամ գտնվելուց հետո պարտավոր են վերստին անցնել ՊՇՌ հետազոտություն):

Վերադառնալով հայկական իրականություն՝ փաստենք, որ քաղաքացին, բնականաբար, երկիր մուտք գործելու հաջորդ իսկ վայրկյաններից սկսած, սկսում է համբուրել իրեն դիմավորողներին, սրտի ուզածի չափ շրջել տոնավաճառներում, մասնակցել սգո կամ տոնական միջոցառումների՝ շփվելով հարյուրավոր մարդկանց հետ, ևփաշինյանական կրկեսում կարող է հանկարծ բացահայտեն, որ նշյալ անձը վարակակիր է:

Իսկ փաշինյանական պետականաքանդ ու կործանարար կրկեսը շարունակվում է:

Հ.Գ. Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հարկավոր է երկիր մտնող չպատվաստված քաղաքացուց պահանջել ՊՇՌ հետզոտման բացասական տվյալներ: Որոշ այլ երկրների օրինակով՝ կարելի է նույն քաղաքացուն պարտադրել, որ նա 72 ժամ անց վերստին հետազոտվի: Միաժամանակ՝ վերացնել այդ սահմանային կրկեսը, այն է՝ անցակետերում ՊՇՌ թեստ հանձնելու՝ զրո ՕԳԳ ունեցող կարգը՝ փոխարենը հակահամաճարակային իրապես օգտակար միջոցառումներ իրականացնել, օրինակ՝ հանրային տրանսպորտի ոլորտում, որն իր խայտառակ վիճակով վարակի տարածման թեժ օջախներից է:

 

Վ. Սարգսյան


No description available.