կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 20:05
Հասարակություն

Ոչ սահմանային անցակետերում, ոչ մաքսային պահեստներում կուտակումներ չկան. ՊԵԿ-ն արձագանքում է մամուլի հրապարակումներին

Ոչ սահմանային անցակետերում, ոչ մաքսային պահեստներում կուտակումներ չկան. ՊԵԿ-ն արձագանքում է մամուլի հրապարակումներին

Օրերս զանգվածային լրատվության առանձին միջոցներ անդրադարձել են արտերկրից մեծաքանակ ապրանք ներմուծող կազմակերպությունների (իրենց բնորոշմամբ` «կարգոների») աշխատանքում իբրև թե ծագած խնդիրների մասին լուրերին, ինչի կապակցությամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը մեկ նպատակ ունեն` ապահովել բոլոր տնտեսվարողների համար սահմանահատման և մաքսային ընթացակարգերի հավասար պայմաններ` միաժամանակ բացառելով օրենքը շրջանցող բնույթի պայմանավորվածություններն ու հավանական գործարքները:

Հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունները, որոնց համար ընդունելի չեն վերը նշված պահանջները, պետք է վերանայեն գործունեության իրենց մոտեցումները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոքր և միջին առևտրաշրջանառության մեջ ընդգրկված անձանց բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը:

Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող 7 խոշոր կազմակերպությունների կողմից հանրապետություն է ներկրվել շուրջ 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 հազար տոննայի դիմաց:

 Ո´չ սահմանային անցակետերում, ո´չ մաքսային պահեստներում կուտակումներ չկան, և դրանց վերաբերյալ լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է «հսկիչ գների» կիրառմանը, տեղեկացնում ենք, որ մաքսային արժեքը կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության 2008թ. «Մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրով, որի համաձայն, այն դեպքերում, երբ հնարավոր չէ հիմք ընդունել հայտարարատուի կողմից հայտարարագրված գործարքի գնի մեթոդը (հաշիվ-ապրանքագրային արժեքը), մաքսային մարմիններն օգտվում են իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունից, մասնավորապես, մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունից, որի հիման վրա էլ հաշվարկվում է մաքսային արժեքը:

Վերոգրյալը նախ և առաջ վերաբերում է տարբեր բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից ՀՀ տեղափոխվող բեռների մաքսային ձևակերպումներին, որոնց ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվում են բեռնափոխադրող կազմակերպությունների, այլ ոչ թե գործարքի կողմ հանդիսացող` վաճառող կազմակերպության հաշիվ-ապրանքագիրը: Եվ, բնականաբար, մաքսային մարմիներն այդ դեպքերում հիմք չեն ընդունում բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրերը, այլ մաքսային արժեքը հաշվարկելիս առաջնորդվում են մաքսային արժեքի որոշման համաձայնագրով նախատեսված այլ մեթոդներով:

Ի դեպ նշենք, որ ընթացիկ տարում ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը ոչ միայն չեն ավելացել, այլ շատ ապրանքատեսակների գծով պարբերաբար նվազում է արձանագրվել:

 Ինչ վերաբերում է «որոշ դեպքերում մաքսազերծումը կատարվում է կիլոգրամով» պնդումներին` ապա մաքսային մարմինների կողմից վճարների հաշվարկման և գանձման համար հիմք են հանդիսանում ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված դրույքաչափերը, որոնք կիրառվում են ապրանքի մաքսային արժեքի կամ չափման միավորի նկատմամբ:

ՀՀ-ում միշտ էլ կիրառվել են ԱՊՀ ԱՏԳ ԱԱ անվանացանկով սահմանված չափման միավորները, համաձայն որոնց հագուստեղենը և կոշկեղենը, չնչին բացառություններով, միշտ էլ մաքսազերծվել են հատով կամ զույգով:

 Ամփոփելով նշենք, որ առնվազն անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացրել են առանձին լրատվամիջոցներ, քանզի մաքսային մարմինների կողմից քայլեր են արվում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ո´չ մաքսային արժեքի, ո´չ սակագների, ո´չ դրույքաչափերի, և ո´չ էլ չափման միավորների փոփոխություններ չեն կատարվել»: