կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 20:38
Հասարակություն

Մենք մուրացկան չենք, ոչ էլ ծնկաչոք ապրող

Մենք մուրացկան չենք, ոչ էլ ծնկաչոք ապրող

Աղավնոն Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից մեկն է, որ դեռ չի հայաթափվել: Կարմիր կտուրներով գյուղում 170 մարդ է ապրում, բնակեցված է 47 տուն: Ադրբեջանցիներով շրջապատված գյուղում ապրելը հեշտ չէ, ավելին՝ հերոսություն է: Մի կտոր հաց վաստակելուց մինչեւ անվտանգություն՝ պայքար է, բառի ամենալայն իմաստով:

«Սովորական իրավիճակ չէ, Աղավնոն արդեն կղզիացել է, շրջապատված ենք թշնամու պոստերով: Սա նորմալ երեւույթ չէ: Առաջ գիտեինք, թե գյուղի վարչական տարածքը մինչեւ որտեղ է, ուր մեր անասունն ազատ արածում էր, հիմա պարզվում է՝ ուրիշ տեսակի անասուններով ենք շրջապատված: Արոտավայրերն այնքան են փոքրացել, որ խոշոր եղջերավորներ պահելը դարձել է անհնար»,- hraparak.am-ին իրավիճակը ներկայացրեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

Անասնագողությունն ադրբեջանցիների զբաղմունքներից մեկն է դարձել: Չավուշյանի ասելով՝ տարած անասունը հետ չի վերադարձվում: «Երեւի սոված մեռնում են. կենդանուն մորթում են, թափոններն էլ ցուցադրական գցում գետը, որ տեսնենք»:

Իշխանություններից անտեսված եւ օտարացած Աղավնոյում ապրում են սրտացավ անհատների օժանդակություններով: Խոսքը սոսկ նյութական օժանդակության մասին չէ: Մեջբերելով չինական իմաստնությունը, Չավուշյանն ասում է՝ ոչ թե ձուկ ենք տալիս, այլ՝ կարթ:

«Լավաշի փուռ ենք ստեղծել, որ կանայք աշխատեն: Առաջիկայում էլ արտել ենք հիմնելու: Պատրաստի արտադրանքն իրացնելու տեղեր ունենք…, պետք է ինքնակազմակերպվենք, որ ապրենք»: Աղավնոյի բյուջեն, ըստ Չավուշյանի, սրտացավ ու ազնիվ հայերն են: Նաեւ նրանց շնորհիվ է, որ գյուղը դեռ շնչում է: Եթե մղումներն ազնիվ են, պարզված ձեռքն օդում չի մնում: «Մագնիսը չի նայում՝ մետաղն ինչ գույնի է. ձգում է: Մենք էլ եթե զգում ենք, որ նպատակն արդար է, կուսակցական պատկանելությանը չենք նայում…»:

Աղավնոյի շնչառությունը բացվել է դպրոցի շնորհիվ: Կրթօջախի շենքը վերանորոգել, կարգի են բերել, որտեղ մոտ 50 աշակերտ արդեն դաս է անում: Ծրագրերում մանկապարտեզի շինարարությունն է ու գյուղին ջուր հասցնելը: «Պետք է կարողանանք ինքնաբավ լինել, որ այլեւս չսպասենք օգնության: Մենք մուրացկան չենք, ոչ էլ ծնկաչոք ապրող: Եվ ինչո՞ւ պետք է խեղճանանք, եթե մենք մեր հողի վրա ենք»:

Լիբանանից Արցախ տեղափոխված Անդրանիկ Չավուշյանը Եվրոպայում հաստատվելու հնարավորություն ունի, բայց չի գնում: «Սկզբից էլ գիտակցել եմ, որ պատերազմող գոտի եմ գալիս, եւ պատրաստ եմ եղել հնարավոր վտանգներին: Ձգտումս Արցախում ապրելն ու այս հողը շենացնելն է: Այսքանից հետո չեմ կարող մեր զինվորների արյամբ շաղախված հողը թողնել ու գնալ: Չէ՞ որ հողը ոչ միայն արյունով են պահում, այլեւ՝ ապրելով»:

Սերոբ Մարության