Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունն օրեր առաջ կառավարություն է ուղարկել 44 օրյա պատերազմին առնչվող «Համաներման մասին օրենքի» նախագիծը, որը շարադրել է քննչական կոմիտեն։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ արդարադատության նախարարությունից։ Ամենայն հավանականությամբ, նախաքիծը քննարկման կդրվի կառավարության հաջորդ նիստին։
Խոսքը 44-օրյա պատերազմին մասնակցած՝ քրեական օրենսգրքով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայողների նկատմամբ կիրառվելիք համաներման մասին է։ Նախագծի ընդունման դեպքում, թե քանի անձի նկատմամբ կտարածվի համաներումը, առայժմ դժվար է ասել՝ մանավանդ, որ մինչև վերջերս իրավապահ կառույցները թաքցնում էին պատերազմի ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի և դրանցով անցնող անձանց թիվը։ Այս տվյալներն օրեր առաջ վերջապես գաղտնազերծեց քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Ըստ ՔԿ ղեկավարի՝ ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների վարույթում հարուցվել և քննվել են 1558 քրեական գործեր՝ 12 593 անձանց վերաբերյալ: Հիշյալ քրեական գործերով որպես մեղադրյալներ են ներգրավվել 724 անձինք, իրականացվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, հարցաքննվել է 15 000-ից ավելի մարդ։ Նախքան այս ցուցանիշների հրապարակումը, NEWS.am-ը նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով վերջին մեկ տարում պարբերաբար գրավոր հարցումներ է ուղարկել պաշտպանության նախարարությանն ու իրավապահ մարմիններին, այդ թվում՝ գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին և ոստիկանությանը, սակայն բոլոր կառույցները խուսափել են պատասխանել մեր հարցումներին՝ միմյանց վրա բարդելով տեղեկություն տրամադրելու պարտավորությունը։
Այսպես. NEWS.am–ի վերջին հարցմանն ի պատասխան՝ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից սեպտեմբերի 3–ին պատասխանել են, որ ՔԿ–ում հայցվող տեղեկատվության վերաբերյալ վիճակագրություն չի իրականացվում՝ հորդորելով՝ մեզ հետաքրքրող տեղեկատվությունը ստանալու համար դիմել ոստիկանություն։
Նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից էլ ուղղորդեցին պաշտպանության նախարարություն՝ նշելով, որ հայցվող տեղեկատվությունը կարող ենք ստանալ ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը պատասխանելու համար, նախ լրացուցիչ՝ 30 օրյա ժամկետ խնդրեցին, ապա մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 8–ին մեզ առաջարկեցին դիմել քննչական կոմիտե։
«Համաձայն ուսումնասիրության արդյունքների, հայտնում եմ, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններով քրեական գործեր հարուցվում են ինչպես պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, այնպես էլ զինվորական դատախազության, քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից, սակայն հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացվում է միայն ՔԿ զինվորական քննչական վարչության տարբեր ստորաբաժանումների կողմից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ նշված հարցումը վերահասցեագրել ՔԿ զինվորական քննչական վարչությանը՝ ամբողջական և լիարժեք տեղեկատվություն ստանալու համար»,–ասված է ՊՆ գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի ուղարկած պատասխանում։ Թե որտեղ և ինչ կարգով են քննվում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, NEWS.am–ը քաջատեղյակ է. մնում է իրավապահ կառույցներն ու պաշտպանության նախարարությունը վերջապես կողմնորոշվեն, թե ինչպես շրջանցեն Սահմանադրությունն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որ անհարմար վիճակում չհայտնվեն։
44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերին առնչվող հակասությունները, սակայն միայն լրատվամիջոցին ուղղված պատասխաններով չեն սահմանափակվում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն մի կողմից առաջարկում է համաներում կիրառել Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ ՀՀ ՔՕ 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, մյուս կողմից ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարում է, թե իրենք գիտակցում են, որ հանրությունն ակնկալիք ունի պատերազմում պարտություն կրելու պատճառների, պարտությանը նպաստած հանգամանքների և մեղավոր անձանց բացահայտման հարցում և որ իրենք ի զորու են ապահովելու հիշյալ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։ Ավելին, հոկտեմբերի 8–ին ՀՀ քննչական կոմիտե այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով՝ միաժամանակ կարևորելով, որպեսզի հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Մինչդեռ համաներում հայտարարելով՝ ՔԿ–ն նպատակ ունի 2020թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ արարք կատարած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել` երկու երրորդով, իսկ մինչև պատերազմի մեկնարկը ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամաբ, որոնք մասնակցել են պատերազմական գործողություններին ՝ չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումը։ Հետաքրքիր է, ի՞նչ արդյունավետ քննության մասին է խոսքը, երբ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար կասկածվող կամ մեղադրվող անձը իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցած մարմնից՝ Քննչական կոմիտեից արդեն իսկ երաշխիքներ է ստացել քրեական պատասխանատվությունից ամբողջովին կամ մասնակի ազատվելու վերաբերյալ։
Այս պայմաններում մեծ է հավանականությունը, որ զինվորական կարգի դեմ ուղղված ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը հենց նախաքննության ընթացքում կհրաժարվի ցուցմունք տալուց՝ ապավինելով իր նկատմամբ կիրառվելիք համաներմանը, ինչի պարագայում այդպես էլ չբացահայտված կմնան, թե ինչ հանգամանքներում են օրինակ N զորամասի զինվորները ինքնակամ լքել զորամասը, ծառայության վայրը կամ մարտադաշտը, ի՞նչ հետևանք են ունեցել զինծառայողների մասսայական դասալքության դեպքերը ռազմական օպերացիաների և առհասարակ պատերազմի ելքի վրա և այլն։ Չէ՞ որ պատերազմում հայկական կողմի պարտության հիմնական պատճառն ըստ գերագույն գլխավոր հրամանատարի՝ հանդիսացել են դիրքերը թողած, փախած սպաները և զինվորները։ Այս համատեքստում առնվազն տարօրինակ կլինի, որ կառավարությունը հանավանություն տա «Համաներում հայտարարելու մասին» նախագծին՝ խրախուսելով մարտի դաշտից փախած զինծառայողների՝ քրեական պատասխանատվությունից խուսափելը և այդ կերպ, ըստ էության, արդարացնի պարտությունը։
Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա, գաղտնիք չէ, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործութունների փաստերով հարուցված քրեական գործերը նոյեմբերի 9–ի համաձայնագրից հետո հաջողությամբ օգտագործել են պատերազմի մասնակիցներին իշխանության դեմ կազմակերպված ցույցներից զերծ պահելու, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ հօգուտ իշխող թիմի ձայներ ստանալու համար։ Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելով՝ իշխանությունները մեկընդմիշտ կփակեն պարտության պատճառները պարզելու համար բացված իրավական էջը՝ հարցը տեղափոխելով ԱԺ քննիչ հանձնաժողովի մակարդակ։ Այս գործընթացը սահուն անցկացնելու համար իշխանությունն արդեն իսկ նախաձեռնել է Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալների և պատերազմից հետո ընդհատակ անցած պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների վրա պարտության մեղքը բարդելու գործընթացը, զուգահեռաբար հանրությանը զբաղեցնելով «նախկինների կողմից 30 տարի բանակը թալանելու», «նախկիններին ունեզրկելու», «ապօրինի հարստացած պաշտոնյաների թալանած գումարները կոպեկ առ կոպեկ պետական բյուջե վերադարձնելու» արհեստական թեզերով։