Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խիստ կարևոր է ներկայացնել պատմական բոլոր հիմքերը, որոնք վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիներին հանձնված հատվածը հայկական է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
Նա նշեց, որ կան այդ հարցերով զբաղվոց նեղ մասնագետներ, քարտեզագիրներ, որոնք կոնկրետ աշխատություններ են նվիրել այս տարածքների պատմական հայկական էությանը։
«Խորհրդային Հայաստանի՝ 1926, 28, 29 թվականներին լույս տեսած քարտեզներն ինքս էլ եմ ուսումնասիրել, նաև 1973 թ-ի հանրագիտարանի քարտեզներում այս տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են։ Փոխանակ հենվենք պատմական այդ շատ կարևոր աղբյուրների վրա, դժբախտաբար, անտեսում ենք դրանք և հույսներս դնում GPS-ի տարբերակի վրա, որն ադրբեջանցիներին է ձեռնտու»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Ժամանակի ընթացքում արոտավայրերի անվան տակ ադրբեջանցիները աստիճանաբար յուրացրել են հայկական սահմանմերձ որոշ տարածքներ, բայց դա իրենց հիմք չի տալիս այդ տարածքներն իրենցը համարելու, նշեց պատմաբանը, պետք է կոնկրետ պատմական հիմքերով ներակայացվի, որ այս տարածքները զուտ հայկական են, այնինչ մեր կողմից նույնիսկ ադրբեջաներեն անվանումներ են հնչում, որն Էդիկ Մինասյանը շատ սխալ է համարում։
Զուտ հայկական այդ տարածքները անշուշտ կարևոր նշանակություն ունեն մեզ համար, նշեց նա, Արցախը կորցնելով՝ մենք նաև վտանգեցինք մեր հարավային սահմանները, սահմանային շրջանը ամբողջովին մերկ թողեցինք և այսօր թույլ տվեցինք ադրբեջանցիներին, որ մտնեն և իրենց կամքը թելադրեն։
Սահմանազատման և սահմանգծման այս գործընթացի ժամանակ, Էդիկ Մինասյանի համոզմամաբ, պետք է սեղանին դնել կոնկրետ արխիվային բազմաթիվ փաստաթղթերը։
«2 օր առաջ կառավարությունում խորհրդակցություն է եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, որտեղ քննարկվել են այս հարցերը, մեր ներկայացուցիչներն եղել են, ներկայացրել են փաստերը, որոնց հիման վրա այդ տարածքները զուտ հայկական են և դրանք չպիտի զիջվեն Ադրբեջանին, հիմնավորումները տրված են»,-վստահեցրեց Էդիկ Մինասյանը։
Առաջին և կարևոր հիմնավորումներից են արխիվային փաստաթղթերը և մինչև 30-ական թվականների քարտեզները։
«Նախ՝ զիջելը պիտի թույլ չտանք, զիջում չպիտի լինի, սահմանազատման աշխատանքներում պատմական հիմքերը պետք է վեր հանվեն, ինչպես Ալ լճերի տարածքի հետ կապված, Տավուշի, Տիգրանաշենի, միջնորդավորված թեկուզ սահմանային շրջանների այլ տարածքներ, չպետք է թույլ տալ զիջողական տրամադրություններ առաջացնել, անհրաժեշտ է պատմական փաստերով ապացուցել դրանց հայկականությունը»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Ալ լճերի հետ կապված էլ քննարկումներ եղել են, Անդրֆեդերացիայի տարիներին՝ 30-ականն թթ հետո ադրբեջանցիները այդ տարածքը զբաղեցրել են, բայց դա համարվում է զուտ հայկական տարածք և անհրաժեշտ է այդ հանգամանքը պնդել, քարտեզներ գոյություն ունեն դրա համար։
«Ե՛վ պատմանկան հիմքերը, և որոշակի քարտեզները մեր օգտին են, պարզապես պետք է տրամադրվել և գնալ այդ ուղղությամբ»,-ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։
Տավուշի ճանապարհահատվածն ու մի քանի գյուղը ևս, նրա համոզմամբ, չպետք է տրվի ադրբեջանցիներին։
«Չպիտի գնալ այդ քայլին, ադրբեջանցիները մի սանտիմետր հողի համար անգամ պատրաստ են պայքարել, ուղղակի զարմանալի է, որ մենք զիջում ենք։ Պետք է վճռականություն ունենանք և չզիջենք, մեր որոշակի պահանջը պետք է դնենք, կանգնենք և չզիջենք»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Չպետք է զիջողական տրամադրությամբ գնալ բանակցությունների, պնդեց նա, իհարկե, քանի որ պարտված ենք, ադրբեջանցիները ճնշումները կուժեղացնեն, բայց մենք պետք է աշխատենք ամեն գնով՝ պատմական հիմքերը վեր հանելով, քարտեզներով, փաստերը համատեղ ներկայացնելով հաղթահարել դժվարությունը։ Նաև միջազգային հարթակում այս հարցով պետք է աղմուկ բարձրացնենք և կհասնենք հաջողության։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եթե Շուշին հայկական է, ինչու 30 տարի ոչինչ չի կառուցվել․ Էդիկ Մինասյանը պատմական հիմքեր է բերում, որ Շուշին միշտ էլ հայ ազգի համար եղել է մշակութային հզոր կենտրոն, ամբողջ Անդրկովկասի մակարդակով՝ դեռևս 19-րդ դարիում հայկական դպրոցների մեծ ցանց գոյություն ուներ այնտեղ, Շուշիի հայտնի Ռեալական ուսումնարանը։ Շուշին հայկական գիտակրթական և մշակութային խոշոր կենտրոն էր և այնտեղի հայ բնակչությունն ավելի մեծաքանակ էր, քան Երևանի բնակչությունը։
«Սխալ էր 1989 թ-ի տվյալները բերել և ասել Շուշին իբր հայկական չէ, չէ՞ որ 89 թ-ին Սումգայիթից հետո մեծ ճնշումների ենթարկեցին և բռնագաղթի ենթարկեցին Շուշիի բուն հայկական բնակչությանը, բնական է, որ չէր լինել։ Ո՞նց կարելի է այդպես ասել, Շուշին միշտ եղել է հայկական»,-վստահեցրեց պատմաբանը։
Նա առաջարկեց ծանոթանալ ռուսական սկզբնաղբյուրներին, եվրոպացի ճանապարհորդների գրառումներին, որոնք Շուշիի հայկականության լավագույն սկզբնաղբյուր են։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․