Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ իշխանությունը, այդ թվում Փաշինյանը, մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը տարածքային որևէ հավակնություն չունի, իսկ Արցախը ՀՀ իշխանությունները չե՞ն համարում տարածք, որի նկատմամբ Հայաստանն ունի հավակնություններ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի հարցադրում արեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Այստեղ հարց է առաջանում՝ այո, գուցե Բաքվի կամ Գյանջայի նկատմամբ հավակնություններ չունի, բայց հիմա խնդիրը վերաբերում է, թե «Արցախի Հանրապետություն» հասկացություն ՀՀ այսօրվա իշխանությունների համար գոյություն ունի՞, թե՞ չէ։ Եվ այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ ունե՞ն հավակնություններ վերադարձնելու երբևիցե Շուշին և Հադրութը։ Այստեղ բավականին շատ հարցեր են առաջանում, որոնք իշխանությունը պետք է բացատրի»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Ավելին, նրա խոսքով, այսօրվա դրությամբ բավականին լուրջ հարց է՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը գոնե Արցախի Հանրապետության այն տարածքները, որոնք կորցրել ենք պատերազմի ընթացքում, համարում է վիճելի տարածք։
«Որովհետև երբ հայտարարվում է՝ տարածքային պահանջներ չունեմ, ես, օրինակ, եթե կողմնակի դիտորդ լինեմ, կարող եմ ընկալել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն հայտնում է, որ այդ տարածքները անվերադարձ կորսված են։ Այս կոնցեպտով առաջնորդվող պետության ղեկավարը կարո՞ղ էր գնալ Արցախ ընդհանրապես, իհարկե ոչ, որովհետև դա այդ կոնցեպտից չէր բխում»,-ասաց քաղաքագետը։
Նրա համար շատ զարմանալի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը գնար Արցախ, շատ տարօրինակ և նույնիսկ տրամաբանությունից դուրս կլիներ՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսը, որը ուղղակիորեն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրի մեջ, որտեղ նույնիսկ չկա «Արցախի Հանարպետություն» եզրույթը։
«Եվ երբ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ եզրույթի բացակայությունը, նա բացատրում էր, որ փորձում են որևէ բան չփչացնել հնարավոր բանակցային մթնոլորտում։ Երբ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը համարում են, որ եթե ՀՀ ղեկավարությունը այցելի Արցախ, դա դիտարկվելու է որպես մի ակտ, որը հնարավոր է վնասի խաղաղության կոնցեպտին, Ալիևի վարչախումբը ոչ միայն ընդհանրապես նման կոմպլեքսներ չունի, այլ նաև հավակնություն ունի արդեն Հայաստանի սուվերեն տարածքի մի զգալի մասի վրա, և դա չի թաքնում»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ Ալիևն ընդհանրապես ասում է, որ Արցախի հարցը առհասարակ լուծված է։
«Ընդ որում, հիմա հակադրվում է նաև միջազգային կազմակերպություններին, միջնորդ կազմակերպություններին, Մինսկի խմբի երկրների հայտարարություններին, որոնք, ըստ էության, կոչ են անում վերադառնալ բանակցային գործընթաց, որպեսզի լուծվի Արցախի հարցը, ենթադրվում է նաև կարգավիճակը, մինչդեռ Ալիևն ասում է, որ այդպիսի հարց այլևս գոյություն չունի՝ Ադրբեջանը պատերազմով այդ հարցը լուծել է, ուր ուզի կգնա, երբ ուզի կայցելի որտեղ ուզենա։ Նաև հայտարարում է, որ Ստեփանակերտի հարցը և պատերազմի ընթացքում դեռևս չգրավված այլ տարածքների հարցը դա ժամանակավոր հարց է»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Սա, նրա համոզմամբ, չի բխում Հայաստանի շահերից, բայց փաստն այն է, որ «ընտրություն» կոչված միջոցառումից հետո Հայաստանի այսօրվա ղեկավարությունը վերարտադրեց իր իշխանությունը, և դա ընկալեց որպես մանդատ ստանալու ակտ, ըստ որի իրենք կարող են նման քաղաքականություն վարել։
Այնինչ, ըստ նրա, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, կարող է դադարել նաև հայրենավաճառության այս գործընթացը։
«Ժամանակը հաստատեց, որ այն բանակցողը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, չի կարող այլ բաների մասին մտածել․ իր ստորագրությամբ և վերցրած պարտավորություններով է Նիկոլ Փաշինյանը կաշկանդված, որովհետև շատ լավ հասկանում է, որ չի կարող հրաժարվել այդ պարտավորություններից, որովհետև այդ թղթի տակ նաև կան շատ ավելի լուրջ խաղացողներ, քան ինքն ու Ալիևը։ Գեոքաղաքական կենտրոն չենք, որ այսօր կարողանանք այս բանն ասել, վաղը՝ հրաժարվել»,-ասաց նա։
Այդ փաստաթղթերը ստորագրողը, նշեց քաղաքագետը, պետք է շարունակի իր ստորագրած փաստաթղթի տրամաբանությամբ ընթանալ։
«Եթե բանակցողը փոխվեր ժամանակին, շատ հնարավոր է, որ մենք այլ պատկեր ունենայինք թե՛ Սյունիքում, թե՛ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը չմտնեին ՀՀ տարածք և Սև լճի մոտ մինչև հիմա նստած լինեին»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Փաշինյանի հեռանալն, իհարկե, լուծում է՝ նշեց նա․ ինքը չի ասում, որ դա բերելու է նրան, որ ինչ-որ հրաշքով հայկական բանակը ուժեղանալու էր և բլիցկրիգ էր անելու, բայց քաղաքագետը կարծում է, որ նոր հնարավորություններ էին բացվելու ռազմաքաղաքական և բանակցային պրոցեսում։
Աննա Բալյան