կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 23:44
Քաղաքական

Հունաստանը պետք է ճանաչի Արցախը՝ հատուցելու իր դեսպանի Շուշի կատարած քարոզչական շրջագայության համար

Հունաստանը պետք է ճանաչի Արցախը՝ հատուցելու իր դեսպանի Շուշի կատարած քարոզչական շրջագայության համար

2021 թ․ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի բռնապետական կառավարությունը սկանդալային քարոզչական շրջագայություն կազմակերպեց դեպի բռնազավթված Շուշի և Հադրութ՝ օտարերկրյա դեսպաններին «հպարտորեն» ցուցադրելու իր բարբարոսական հարձակումը Արցախի քաղաքացիական բնակչության վրա և նրա ամենասուրբ հայկական տաճարներից մեկի մասնակի ավերումը։

Նախքան կներկայացնեմ այն երկրների դեսպանների ցուցակը, որոնք մասնակցելով այս այցելությանը, բացահայտեցին իրենց թշնամանքը Հայաստանի նկատմամբ, կարևոր է նշել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանները, որոնք մաս են կազմում Արցախյան հակամարտության կարգավորման Մինսկի միջնորդների խմբի, հրաժարվեցին մասնակցել այս խեղկատակությանը, ինչը մեծապես զայրացրեց Ադրբեջանի կառավարությանը։ Այսպիսով, Մինսկի խումբը ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների բռնազավթման հանդիսավոր ցուցադրման մեջ։ Հակառակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմիցս հայտարարություններին՝ Մինսկի խումբը դեռ համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Այս քարոզչական շրջագայությունից այս երեք խոշոր երկրների բացակայությունն ապտակ է Ադրբեջանի կառավարության դեմքին:

Ահա այն 46 երկրները, որոնք անամոթաբար մասնակցեցին այս սկանդալային այցելությանը դեպի Շուշի քաղաք՝ Աֆղանստան, Ալժիր, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Խորվաթիա, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իրան, Իրաք , Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Լատվիա, Լիբիա, Լիտվա, Մալայզիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդեռլանդներ, Պակիստան, Պաղեստին, Լեհաստան, Քաթար, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Սլովակիա, Հարավային Կորեա, Սուդան, Շվեդիա, Շվեյցարիա, Տաջիկստան, Թուրքիա, ԱՄԷ, Ուկրաինա և Վենեսուելա: Ադրբեջանում կան 63 օտարերկրյա դեսպանատներ, ինչը նշանակում է, որ 17 դեսպաններ հրաժարվել են մասնակցել քարոզչական այցելությանը, ներառյալ Արգենտինան, Կուբան, Եգիպտոսը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը՝ ի լրումն Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների:

Այն երկրները, որոնք մասնակցել են ադրբեջանական շրջագայությանը, պետք է խստագույնս քննադատվեն և դատապարտվեն համայն հայության կողմից: Ավելին, այդ երկրներում ապրող հայկական համայնքները պետք է արտահայտեն իրենց խիստ անհամաձայնությունը: Երևանում պետք է ցույցեր կազմակերպվեն այդ երկրների դեսպանատների առջև և բողոքի նամակներ հղվեն նրանց համապատասխան կառավարություններին:

Իհարկե, այս շրջագայության ամենաամոթալի մասնակիցը Հունաստանի դեսպանն է, մի երկիր, որը ենթադրաբար պետք է լինի Հայաստանի բարեկամը: Հունաստանը Հայաստանին դավաճանելուց զատ, խախտեց իր շահերն ու սկզբունքները՝ մասնակցելով այս սկանդալային շրջագայությանը: Հունաստանի դեսպանը պետք է որ մոռացած լինի, որ անցյալ տարի Արցախյան պատերազմի թեժ շրջանում Հունաստանի արտգործնախարարն այցելեց Երևան՝ ցույց տալու իր երկրի զորակցությունը Հայաստանին: Նա նաև մոռացել է այն վիրավորական և ոչ դիվանագիտական խոսքերը, որոնցով նախագահ Ալիևը դիմեց իրեն Բաքվում իր հավատարմագրերը հանձնելիս:

Ես ուրախ եմ, որ հունական լրատվամիջոցները և Հունաստանի հայկական համայնքը կոշտ արձագանքեցին երկրի դեսպանի Շուշի կատարած չափազանց աղետալի այցին և Հունաստանի արտգործնախարարին կոչ արեցին ներկայանալ խորհրդարան`բացատրություն տալու համար: Հայտնի չէ, արդյոք Բաքվում Հունաստանի դեսպանը ստացել է իր կառավարության հավանությունը Շուշի կատարած այցելությունից առաջ։ Եթե ստացել է, ապա ավելի մեծ սկանդալ է հասունանում։ Այնուամենայնիվ, եթե Հունաստանի դեսպանը մինչև Շուշի կատարած այցը չի ստացել իր երկրի հավանությունը, ինչը քիչ հավանական է, ապա նա պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից․․․

Հունաստանին երախտագիտություն հայտնելու փոխարեն, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց նրա նվաստացուցիչ գործողությանը՝ իր առաջին խորհրդարանական պատվիրակությանը ուղարկելով Թուրքիայի կողմից գրավված, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը շուտով կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի պետականությունը: Եթե դա տեղի ունենա, Հունաստանը պետք է անհապաղ Երևանում իր դեսպանին ուղարկի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և հայտարարի  Արցախի Հանրապետության իր ճանաչումը: Դա կլինի միակ միջոցը, որով Հունաստանը կարող է հատուցել իր դեսպանի անխոհեմության համար և պատշաճ պատասխան տալ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը:

Հունաստանի Հայ դատի հանձնախմբի գանգատից բացի, Բելգիայի և Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբերը նմանատիպ գանգատներ են ներկայացրել իրենց կառավարություններին: Բողոքներ պետք է ներկայացվեն նաև մասնակից մյուս երկրների, մասնավորապես Ավստրիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Իտալիայի, Հորդանանի, Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Քաթարի, Ռումինիայի, Սերբիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, ԱՄԷ-ի, Ուկրաինայի և Վենեսուելայի կառավարություններին։

Ուրախ եմ, որ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով Բաքվում օտարերկրյա դեսպանների այցը Շուշի․ «Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ»։ Ընդգծվեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելով՝ «Ադրբեջանի իշխանությունները փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը, որը նաև այդ դեսպաններին հանձնեց բողոքի նոտա՝ ուղղված իրենց կառավարություններին:

Արցախի բռնազավթված տարածքներ այցելելու փոխարեն, Բաքվում գտնվող օտարերկրյա դեսպանները պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գային՝ դատապարտելով Ադրբեջանին՝ սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմի մեջ ներգրավելու, ռազմական հանցագործություններ և էթնիկ զտումներ կատարելու, հայկական կրոնական և պատմական հուշարձաններ ոչնչացնելու և հայ ռազմագերիներին հակամարտության ավարտից 10 ամիս անց դեռ գերության մեջ պահելու համար՝ խախտելով միջազգային  oրենքի նորմերն ու 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը:

Հայաստանի քաղաքացիներն ամեն առիթով պետք է հիշեցնեն Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին Ադրբեջանում իրենց գործընկերների՝ Շուշի այցելության անընդունելի մասնակցության մասին։ Նմանապես, նախատողական դեսպանների երկրներում ապրող հայերը պետք է իրենց դժգոհությունն արտահայտեն իրենց կառավարություններին: Շարունակելով բողոքել այս այցից, հայերը կապահովեն, որ այդ երկրները և նրանց դեսպանները Ադրբեջանում երկար կմտածեն, նախքան Ադրբեջանի կողմից այլ քարոզչական գործողություններին մասնակցելուն համաձայնություն տալը։

Միակ պատշաճ պատասխանը Ադրբեջանի քարոզչական գործողություններին կլինի այն, որ Հայաստանի կառավարությունը Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների համար շրջագայություն կազմակերպի դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Կհամարձակվի՞ արդյոք Հայաստանի կառավարությունը նման քայլ կատարել և կհաջողի՞ դա իրականացնել: Այնուամենայնիվ, նախքան նման նախաձեռնություն սկսելը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է նշանակի նոր արտգործնախարար, որի աթոռը թափուր է երկու ամսից ի վեր:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի