կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 14:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2018-ին հայ ժողովուրդը ընտրում էր ոչ թե վարչապետին, այլ կուսակցությանը․ Արամ Վարդևանյան

2018-ին հայ ժողովուրդը ընտրում էր ոչ թե վարչապետին, այլ կուսակցությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է դաշինքը կարծում, որ հրաժարականից հետո Փաշինյանը պետք է լքեր պաշտոնը:

«Հայ ժողովուրդը կուսակցություններից ընտրեց իր նախընտրած կուսակցությունը: Իսկ կուսակցությունում կային բազմաթիվ անձինք՝ պատգամավորի թեկնածուներ: Ժողովուրդն ընտրում է Ազգային ժողով․ սա ժողովրդավարության առանձնահատկությունն է: Վարչապետի հարաբերությունները տեղին կլինեին ուղիղ ընտրությունների դեպքում, բայց այս պարագայում ժողովուրդն ընտրում էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ժողովրդի առջև պատասխան է կրում Ազգային ժողովում ընտրված կառույցը: Ժողովրդավարության էությունն օրենքի գերակայության սկզբունքն է»,- պարզաբանեց Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ նույնիսկ եթե ուղիղ ընտրությունների մոդել ենթադրենք՝ վարչապետի հրաժարականի դեպքում նրան փոխարինում է փոխվարչապետը:

«Ձեր վարկածով՝ մի նժարին ժողովրդի կամքն է, մյուս նժարին՝ օրենքի գերակայության սկզբունքը: Սակայն այդ հասկացությունները հակադրել հնարավոր չէ»,- ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ մարդը, ունենալով գործիքներ բարդ իրավիճակից խուսափելու համար, Սահմանադրությունը յուրովի է մեկնաբանել:

«Պատկերացրեք, որ վստահություն ստացած անձը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության մեջ, օրինակ՝ պետական դավաճանության մեջ, արդյո՞ք նա պետք է շարունակի մնալ իր պաշտոնին: Արդյո՞ք դա պայմանավորված է իրավական պետության շահերից: Իհարկե՝ ոչ»,- ասաց Վարդեւանյանը։

Նա հավելեց, որ Սահմանադրությունը պահանջներ է դնում վարչապետի թեկնածության նկատմամբ, բայց Վահե Գրիգորյանի թվարկածները դրանց մեջ չեն:

«Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ժողովրդի կողմից, նա նշանակվել է կուսակցության մեծամասնության առաջարկով, և մեծամասնությունը կարող էր առաջարկել ցանկացած այլ թեկնածու»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հետևողականության հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ եթե ըստ Վահե Գրիգորյանի, ընդհատման ենթակա չէ, ապա Փաշինյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել այս տարվա ապրիլի 25-ին, ինչ վերաբերում է, թե ի՞նչ կլինի, եթե երկիրը մնա առանց առաջնորդի, Վարդևանյանը նշեց, որ երկրի արտգործնախարարությունը երկար ժամանակ է, ինչ առանց ղեկավար է և կարծես ոչ մի առանձնահատուկ բան չկա:

Մանրամասն՝ տեսանյութում․