Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում:
Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհը անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող առանձնատանը:
Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը:
Ամբողջությամբ այրվել է Վ.Համբարձումյան 29 հասցեի տունը, մասնակի՝ հարևան բնակարանը:
Նշենք, որ դեպքի վայր են ժամանել նաև ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային վարչության և բաժնի պատասխանատուները, Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը, «Արցախգազ» և «Արցախէներգո» և «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները:
Բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել:
Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: