կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 14:30
Տարածաշրջան

Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի հունիսի վերջին. Էրդողան

Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի հունիսի վերջին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Սև ծովը Մարմարա ծովի հետ կապող Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի հունիսի վերջին․ հայտնում է Anadolu գործակալությունը:

Էրդողանն ասել է, որ, իր կարծիքով, ջրանցքը կնպաստի քաղաքի աշխարհագրական, ռազմավարական և գեղագիտական զարգացմանը։ 

2011-ին Էրդողանի հայտարարած` 25 միլիարդ դոլար արժողությամբ 45 կիլոմետրանոց ջրուղին, ըստ ԶԼՄ-ների, բախվել է խիստ հակազդեցության: Մասնագիտական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը պնդում են, որ ջրանցքը լուրջ վտանգ է ներկայացնում՝ Ստամբուլում հնարավոր մասշտաբային երկրաշարժի առումով, նաև՝ վնաս կհասցվի մայրաքաղաքի վերջին անտառային տարածքներին, Մարմարա ծովի ֆլորային ու ֆաունային:

«Կան մարդիկ, որոնք անհանգստանում են, նրանք կան և թող լինեն: Երբ մենք շահագործման հանձնենք Ստամբուլի ջրանցքը, դա կբարձրացնի Ստամբուլի աշխարհագրական և ռազմավարական արժեքը, ինչպես նաև բնական գեղեցկությունը»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ջրանցքի վրա կառուցվելու է վեց կամուրջ, իսկ աջ ու ձախ կողմում կկառուցվի երկու քաղաք, որոնք մայրաքաղաքը դեպի լավը կփոխեն:

«Մենք դա կանենք: Մենք պետք է շատ լավ հասկանանք Ստամբուլի արժեքը»,- շեշտել է Էրդողանը:

Թուրքիայի բնակիչների 45.4% -ը դեմ է այդ նախագծին, մինչդեռ 38.5% -ն աջակցում է ջրանցքի կառուցմանը։

Հավելենք, որ ուրբաթ Բոսֆորի նեղուցում նավ էր վթարվել՝ կաթվածահար անելով նեղուցի աշխատանքները. Թուրքիայում շատերը պնդում են, որ դա միտումնավոր է իրականացվել՝ ցույց տալու համար Ստամբուլի ջրանցքի անհրաժեշտությունը։