կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 15:05
Տարածաշրջան

Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի հունիսի 26-ին

Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի հունիսի 26-ին

Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի հունիսի 26-ին: Այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը:

Թուրքական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա կլինի արարողությանը: «Ստամբուլի ջրանցք» նախագիծը կսկսվի վեց կամուրջներից մեկի շինարարությամբ, որը կառուցվելու է ձեռակերտ ջրային տարածքի վրա:

Ջրանցքը նախատեսվում է դարձնել նոր նավարկելի զարկերակ Ստամբուլի արևմտյան մասում, որը կապելու է Սև և Մարմարա ծովերը: 2019-ի դեկտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ջրանցքով ծովային երթևեկությունը չի ենթարկվելու նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիային:

Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: