Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակին առիթ ու բարեբախտություն եմ ունեցել իմ ընկերների հետ այդ տարածքներում կարեւորագույն բարձունքներ գրավելու, ապահով դարձնելու Սյունիքի ճանապարհները, այսօր բացարձակ ամոթալի վիճակում ենք․Yerkir.am-ին ասաց ազատամարտիկ, սյունեցի Թաթուլ Հարությունյանը։
Հարությունյանը նշում է՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հայտարարում է, որ դիվերսիոն ներխուժում է եղել։ Այդպիսի ներխուժման դեպքում, ըստ ազատամարտիկի, հստակ է պլանը․ դիվերսիոն խումբը կա՛մ ոչնչացվում է առկա կրակային միջոցներով, կա՛մ հետ է մղվում։ Բանակցությունները նշանակում են չթույլատրված գործողության հանդեպ թողտվություն, նստել եւ խոսել։
«Ինչո՞ւ դիվերսիոն խումբը չոչնչացվեց։ Այս իշխանության գալու առաջին օրվանից ամենաթողության եւ անհասկանալի քաղաքականության արդյունքում ունենք այս վիճակը։ Մենք ունեցել ենք բանակ, ունեցել ենք վիճակ, երբ թշնամին ինքն էր ձգտում բանակցությունների, ինքն էր փորձում մեզ հետ կարգավորել վիճակը, բայց այսօր ունենք հակառակ պատկերը։ Այս հարցի պատասխանը պետք է փնտրել գործող իշխանության մոտ կամ գլխավոր հրամանատարի տված հրամաններում»,-Yerkir.am-ին պատմում է Թաթուլ Հարությունյանը։
Սյունեցի ազատամարտիկը նշում է, որ իրավիճակն այնքան խառն է, որ հասկանալի չէ նույնիսկ՝ այս պահին ով է պահում պետական սահմանը։ Հայտնի չէ՝ պայմանագրայիննե՞ր են, կամավորնե՞ր, թե՞ ժամկետայիններ։
«Հայտնի չէ՝ բանակը եւ սահմանապահ զորքերն ինչպիսի կառուցվածք ունեն այսօր։ Հստակ է, որ մինչ այդ նույն Սյունիքի տեղային ուժերի հետ նաեւ ՀՅԴ կազմավորած ջոկատներն այն բնագծերում էին, որոնք Սյունիքի դարպասները ապահով էին դարձնում 10-15 կմ խորությամբ, երբ որ զինադադար կնքվեց նոյեմբերին։ Հետո հայտնի չէ՝ ինչ հանգամանքներով մեր զորամիավորումներին հրաման տրվեց նահանջել»:
Ազատամարտիկի խոսքով՝ Կապանի այն բարձունքները, որոնց համար Արցախի առաջին պատերազմի ժամանակ պայքարեցին երկուսուկես տարի, ամենալավ դիրքերն էին․ հայկական զորքը կարողացավ դիրքերն առաջ տալ, թշնամուն հետ շպրտել, բայց այսօր, առանց մեկ կրակոցի, թշնամին այդտեղ նստած է։
«Ղեկավարությունը կոչ է անում լսել միայն պաշտոնական լրատվությունը։ Այս դեպքում, սակայն, այն եւս հստակ ոչինչ չի ասում։ Սեւ լճի տարածքը արգելափակված է այս պահին սեփական աչքով տեսնելու համար, սակայն սելֆի անելու համար իշխանավորներն այդ հնարավորությունն ունեն, ընդ որում՝ ռազմական գործի հետ որեւէ կապ չունեցող քաղաքացիական անձինք, պատգամավորներ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե մեր վերահսկողության տակ է, ուրեմն հայ գյուղացուն իր տարածքում տեղաշարժվելու հնարավորություն տվեք։ Եթե դա թույլ չի տրվում, բավականին լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում ոչինչ չի փոխվել։ Վտանգը, որ ադրբեջանցիները հնարավոր է շարժվեն եւ նույնիսկ փակեն միջպետական ճանապարհը, որը տանում է դեպի Գորիս-Կապան-Մեղրի եւ Արցախ, առկա է։ Ավելին, ընտրված է այն վայրը, որը ուղիղ գծով ընդամենը 28 կմ է՝ մինչեւ Անգեղակոթի մոտ գտնվող Նախիջեւանի ելուստը, հետեւաբար մեկ հարձակման ընթացքում ուղղակի հնարավոր է պարալիզացնել եւ Սյունիքը կտրել Հայաստանից»,- Yerkir.am-ին հայտնեց Թաթուլ Հարությունյանը։
Ազատամարտիկի խոսքով՝ այսօրվա իշխանությունը դրսեւորում է ապիկարություն եւ անկարողություն։ Խոսելով առաջիկա ընտրությանը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած՝ ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքի ու սյունեցիների մասնակցության մասին՝ Հարությունյանն ասաց, որ Սյունիքում մեծ է այն մարդկանց թիվը, որոնք հակված են թշնամու հանդեպ վճռական գործողությունների եւ, ինչու չէ, նաեւ հստակ վերաբերմունք ունեն օրվա իշխանության նկատմամբ։
Սյունիքով թշնամուն միջանցք տալը, ազատամարտիկի խոսքով, կկտրի Հայաստանի վերահսկողությունը Հայաստանի հարավի նկատմամբ, ինչի պատճառով մեր երկիրը կզրկվի արտաքին աշխարհի հետ կապող Իրանից։
Մանրամասն՝ տեսանյութում