կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-19 08:38
Հասարակություն

Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը

Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը գրառում է արել, որում ասվում է, որ Հադրութում զոհված իր քրոջորդին «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։

«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։

Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ Տաքսու վարորդը։

Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։

Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։

Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։

Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։

Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը»,– գրել է նա:

Ռոբերտի պարգևատրման մասին ընտանիքն իմացել է տաքսու վարորդից, ով զանգել էր իրենց՝ մեդալը փոխանցելու համար։ «Մի հատ մեդալ են տվել, էդ էլ էնքա՜ն անշնորհքությամբ։ Անդոյին (Ռոբերտի հայրը – խմբ․) արցախցի է զանգում՝ ուղղակի տաքսու վարորդ։ Ասում է 15 րոպեից կլինեմ «մոստի տակ»։ Անդոն էլ գնում տոպրակով վերցնում է մեդալը»,- infoport.am–ի հետ զրույցում որդու պարգևը ստանալու մանրամասներն է պատմում Ռոբերտի մայրը՝ Նառա Եղիազարյանը։