կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-13 21:50
Հասարակություն

Թբիլիսիում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Թբիլիսիում այսօր բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (քաղաքային ժողովի) շենքի առջև բացված ցուցահանդեսի կազմակերպիչն է Վրաստանի հայ համայնք կազմակերպությունը (նախագահ՝ Սամվել Մկրտչյան): Ապրիլի 24-ին ընդառաջ բացված ցուցահանդեսը նույն օրը տեղափոխվեց նաև Վրաստանի նախագահի նստավայրին հարակից տարածք։

Ներկայացված լուսանկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն Հայոց ցեղասպանության տեսարաններից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որի մի մասը 2020 թ. Արցախյան գոյապայքարից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո և պղծվեց կամ ոչնչացվեց:

Կազմակերպությունը նման ցուցահանդես ներկայացրել էր նաև 2018 թվականին:

Ավանդույթի համաձայն՝ ինչպես ողջ աշխարհի հայաշատ վայրերում, այնպես էլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ապրիլի 23-ին անցկացվում է նաև ջահերով երթ՝ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև տեղի է ունենում բողոքի հանրահավաք: Համավարակի պատճառով նախորդ տարի այս միջոցառումները չեն կայացել: