կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 17:55
Քաղաքական

Ամեն օր ականատես եք լինում, թե վարչապետն ինչ է անում. Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանը:

-Դուք երբեւէ կպատկերացնեի՞ք, որ Հայաստանում՝ Սյունիքում, տեղի կունենա  GPS-ով սահմանազատում, ադրբեջանցիները կգան-կկանգնեն Կապանում:

-Չէի պատկերացնում, բայց դա փաստ է:

-Ո՞վ է այս ամենի գլխավոր մեղավորը:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Ինչո՞ւ, պարո՛ն քաղաքապետ:

-Չեմ ուզում պատասխանել:

-Խուսափո՞ւմ եք վարչապետին քննադատելուց:

-Չեմ խուսափում, քննադատելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

-Հասկանանք, ի վերջո, կլինի՞ մեկը, որը պատասխանատվություն կկրի Հայաստանում կատարվածի համար:

-Վարչապետը բազմիցս արտահայտվել է դրա մասին, եւ ես համակարծիք եմ:

- Կոնկրետ ո՞ր մտքի հետ եք համակարծիք:

-Չեմ ուզում խոսել այդ մասին:

-Պարո՛ն Ղալումյան, Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, Սյունիքում՝ սահմանազատումներ, Ձեզ դա չի՞ անհանգստացնում:

-Համենայն դեպս, մենք այսօր արձանագրել ենք այդ փաստը, չէ՞, որ իրականացվում է դա:

-Բայց ո՞վ է որոշել:

-Չեմ կարող ասել: Պատերազմի թեմայով չեմ ուզում ոչինչ քննարկել: Եթե իմ քաղաքին վերաբերող հարցեր ունեք, խնդրում եմ, այդ հարցերը տվեք:

-Ձեր հայրը նախկին ՀՀԿ-ական է, պարբերաբար լսում ենք՝ հանրապետականները թալանչի են, նախկինները թալանչի են: Ձեզ չե՞ն կաշկանդում այդ խոսակցությունները:

-Եթե չեմ սխալվում՝ իմ հայրը եղել է հանձնաժողովի նախագահ: Տվյալ ժամանակահատվածում Հայաստանի մեծ մասը հանրապետական է եղել:

-Մարդիկ տարօրինակ են համարում՝ ինչպե՞ս կարող է վարչապետը հանրապետականներին անվանել թալանչիներ եւ Իջեւանի քաղաքապետի ԺՊ նշանակել նախկին ՀՀԿ-ականի որդուն` իր քավորին:

-Վարչապետը եթե ասել է, նախ՝ նկատի չի ունեցել բոլորին, դրանից էլ ելնելով՝ մնացածը:

-Այսինքն՝ նախկինները թալանչի են, բացի Ձեր հորի՞ց:

-Բացի իմ հորից չէ, ես նկատի ունեմ՝ չի վերաբերել բոլորին:

-Իջեւանում խոսակցություններ էին պտտվում, թե նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանին՝ Ձեր բարեկամին, պարբերաբար  հորդորել եք հրաժարական տալ: Երբ հրաժարական չի տվել, հրահրել եք, որ ստուգումներ անեն նրա ձեռնարկություններում, ստիպված պաշտոնը թողել-հեռացել է:

-Չկա նման բան:

-Իսկ Դուք ինչպե՞ս համաձայնեցիք դառնալ Իջեւանի քաղաքապետ, երբ Ձեր հարազատը հրաժարական տվեց:

-Մեկը մյուսի հետ կապ չունի:

-Իսկ վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերությո՞ւնը:

-Դա էլ ոչ մի կապ չունի:

-Ձեր լեգիտիմությունն է կասկածի տակ դրվում:

-Չկա նման բան:

 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Լիանա Սարգսյան