Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ խոսք է գնում հարաբերությունների կարգավորման մասին, պետք է հասկանալ, թե տվյալ պետությունն ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ բանակցություններում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը` անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «պանթուրքիզմի» ճանապարհի գործարկմանն ու դա փաշինյանական ռեժիմի կողմից որպես «խաղաղասիրություն» ներկայացնելու իրողությանը։
«Հայաստանի այսօրվա իշխանությունը չգիտի` ի՞նչ է հետապնդում Թուրքիայի հետ բանակցելով։ Իրենք ասում են, թե «խաղաղության դարաշրջան» են ուզում բացել, ուզում են ճանապարհների ապաշրջափակում լինի. «խաղաղության դարաշրջան» բացում են այն ժամանակ, երբ դո՛ւ հավասարազոր կշիռի վրա ես քո թշնամու հետ, քո թշնամին իր կամքը և ցանկությունները չի պարտադրում քեզ։ Այսօրվա դրությամբ` Հայաստանը չափից առավել թույլ վիճակում է, ի վիճակի չէ պետական, ազգային շահերը հետապնդել։ Եվ այս պայմաններում, երբ խոսում ենք «խաղաղության դարաշրջանի» մասին, նշանակում է` կեղծիք է, իրականությունից հեռու է։ Անցյալում նույնպես շատ է խոսվել «խաղաղության դարաշրջանի» մասին. խոսել է Աբդուլ Համիդը, որին հաջորդեց 1894-96 թթ. հայերի ցեղասպանությունը, «խաղաղության դարաշրջանի» մասին խոսել են երիտթուրքերը, խոսել է Թալեաթը, որին հաջորդեց Գ. Զոհրապի սպանությունը։ «Խաղաղության դարաշրջանի» մասին խոսել է նաև Քեմալ Աթաթուրքը, որի արդյունքում Կիլիկիայում կոտորեցին հայերին։ «Խաղաղության դարաշրջանի» մասին միշտ խոսել են թուրքերը, բայց ամեն «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելուց հետո մենք ականատես ենք լինում կոտորածների։ Այսինքն՝ թուրքի հետ խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին անիմաստ է։ Եթե ուզում ես թուրքի հետ խաղաղություն կնքել, ապա պետք է թուրքից ուժեղ լինես»,- ասաց Վ. Պետրոսյանը։
Ըստ վերլուծաբանի` այսքան խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց այն ի՞նչ է տալու Հայաստանին, այս տնտեսության պոտենցիալն ի՞նչն է, և ինչի՞ կարող է բերել դա։
«Եթե խոսում ենք տնտեսական զարգացման մասին` դա էլ է կեղծ կատեգորիա, այդ կեղծիքով խաբում են ժողովրդին։ Եթե հույս ունեն` ճանապարհների ապաշրջափակման արդյունքում անգլիացիները կամ ամերիկացիները մեկ նավթի խողովակ են բերելու՝ Սյունիքից անցկացնեն Նախիջևան, այնտեղից էլ՝ Թուրքիա, ապա դա էլ է կեղծիք»,- ասաց վերլուծաբանը։
Ինչո՞ւ են Բաքուն ու Անկարան վավերացնում «Շուշիի հռչակագիրը»՝ հայ-թուրքական գործընթացի ֆոնին. Վ. Պետրոսյանի կարծիքով` Շուշիի հռչակագիրը իրականության մեջ պանթուրքիստական ծրագրերի իրականացման հիմնական և առաջնային քայլերից մեկն է։
«Բոլորս գիտենք` պանթուրքիզմի ճանապարհին չպետք է գոյություն ունենա Հայաստանը, հայությունը չպետք է լինի։ Ես մինչ օրս ո՛չ Էրդողանից, ո՛չ Ալիևից չեմ լսել, որ իրենք ցանկանում են «խաղաղության դարաշրջան» բացել։ Եթե թուրքը խաղաղություն ցանկանա, չի սպանի հայ զինվորին։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ իրենք չեն ցանկանում խաղաղություն։ Եվ քանի որ չեն ցանկանում, իրենք չեն էլ խոսում դրա մասին։ Եթե Նիկոլը ցանկանում է «խաղաղության դարաշրջան» ստեղծել մեկի հետ, որը ցանկանում է հայությանը սպանել, ապա նշանակում է՝ կա՛մ քաղաքականությունից հեռու մարդ է, կա՛մ դիվանագիտություն չգիտի, կա՛մ ուղղակիորեն դավաճան է»,- ասաց բանախոսը։
Վերլուծաբանի համոզմամբ` հայ-թուրքական գործընթացը չի կարող երկար տևել. Հայաստանը, լինելով թույլ պետություն, հանձինս այս իշխանությունների, թույլ է տալիս ռազմավարական և կոպիտ սխալներ։
«Այս ամենի արդյունքում, վստահ եմ, որ այլ պետություններ միջամտելու են հայ-թուրքական գործընթացին և իրավիճակ են փոխելու Հայաստանում։ Այս պայմաններում որքան շատ իշխանավորները խոսեն անհիմն հայտարարությունների մասին, այնքան հայ ժողովրդի վիճակն է ծանրանալու։ Ցանկացած բանակցությունի արդյունքում դո՛ւ պետք է ունենաս տեսլական, թե այդ բանակցություններում ինչի ես ձգտում։ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ձևակերպել` հայ-թուրքական հարաբերություններում ինչի՞ են ձգտում հասնել»,- եզրափակեց Վազգեն Պետրոսյանը։
Լենա Կարապետյան