Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hraparak.am-ը հարցազրույց է արել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի անդամ, «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ:
Պարոն Ղալումյան, կառավարությունը սեպտեմբերի 21-ի համար բավականին մեծ գումար է հատկացրել, ինչպես Փաշինյանն ասաց՝ «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու համար, որին ի պատասխան՝ հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ։ Ձեզ ասում են՝ երկրում հազարումի խնդիր կա, սեւազգեստ մայրերից շատերն իրենց որդիների մասունքները չեն գտել, վիրավորների առողջական հարց կա, իսկ դուք գունագեղ տոնախմբության վրա եք գումար ծախսում։
Այո, տոնական միջոցառում` նվիրված անկախությանը, լինելու է, բայց ո՛չ գունագեղ հրավառություն, ո՛չ միջոցառում չի լինելու։ Եթե չեմ սխալվում, սիմֆոնիկ համերգ է նախատեսվում։
Տոնական միջոցառում՝ ի հիշատակ զոհերի՞։
Ի հիշատակ զոհերի չի լինելու, մի խեղաթյուրեք, դա լինելու է անկախության 30-ամյակին նվիրված։
Դուք չե՞ք նայել կառավարության նիստը, չե՞ք լսել Փաշինյանին, որն ասում է, որ գունագեղ տոնակատարությունը նվիրված կլինի նախեւառաջ մեր նահատակների հիշատակին։
Չեմ լսել։
Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ միջոցառմանը։
Չգիտեմ, ազատ օր է, միգուցե Իջեւանում լինեմ։
Ասում եք՝ անկախությունը չենք կարող չնշել, ձեզ քննադատում են, ասում են՝ իշխանության երեք տարիների ընթացքում այնքան ավերեցիք երկիրը, որ այլեւս դժվար է հստակ գնահատել՝ Հայաստանն ունի՞ իրական անկախություն, թե՞․․․
Սխալ են ասում։
Օրինակ, որտե՞ղ է մեր անկախությունը, երբ ՀՀ սուվերեն տարածքում երեք-չորս ամիս է՝ թուրքը ներխուժել է, չի հեռանում, իսկ ձեր իշխանությունը քայլեր չի անում՝ սեփական սահմաններն ազատելու թշնամուց։
Ես էդ հարցերը չեմ ուզում մեկնաբանել, ուրիշ հարցեր տվեք։ Դրանք հարցեր են, որոնք պետք է լուծենք։
Պաշտպանության նախարարը հոխորտում էր, որ հրաման է տվել ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կխախտեն մեր սահմանը․ հիմա կարո՞ղ ենք ասել, որ Սեւ լճի տարածքն ադրբեջանցիներինն է, ինչո՞ւ չեք ոչնչացնում սահմանը խախտող թշնամուն։
Ես մենակով չպիտի ոչնչացնեմ․․․ խնդիր է, պետությունը նման քաղաքականություն է ընտրել, ու գործընթացն առաջ է գնում։ Դա բարդ հարց է, էս պահին աշխատանքներ են գնում, որ հարցը կարգավորվի։
Մարդիկ ասում են` եթե մի քանիսին գոնե գերի վերցնեիք, մեր գերիների հետ կփոխանակեինք, մենք տեսանք, չէ՞, վերջին փոխանակումը։
Այնպես չի, որ մենակ Դուք տեսողություն ունեք, մենք էլ ենք տեսնում, եւ հետո՝ Դուք այնպիսի հարցեր եք շոշափում, որոնք պարտադիր չէ հրապարակային քննարկել։
Մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածին ադրբեջանցիները մաքսակետ են դրել, ԱԱԾ-ն էլ հաղորդեց, որ դա նրանց տարածքն է։ Եթե նրանց տարածքն է, ինչո՞ւ գոնե այլընտրանքային ճանապարհ չկա մեր հայրենակիցների համար։
Պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ։
Այսինքն՝ դուք համամիտ եք, որ դա ադրբեջանական տարածք է։
Համամիտ լինել-չլինելու խնդիր չկա, սահմանագծում եւ սահմանազատում տեղի չի ունեցել, որ համարենք կամ չհամարենք։
Բա այդ դեպքում ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ եթե սահմանագծում չի եղել, մեր ԱԱԾ-ն ինչո՞ւ է դա ադրբեջանական տարածք համարում։
Ուրեմն հիմքեր ունի։
Խոսակցություններ կան, որ Տավուշում եւս նման երկու անցակետ է շուտով դրվելու։
Ես խոսակցությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ։
Բացառո՞ւմ եք։
Ո՛չ բացառում եմ, ո՛չ էլ գիտեմ, թե ինչի մասին եք խոսում։