կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 15:53
Քաղաքական

Հաստատվել է մանկավարժների եւ դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը. ԿԳՄՍՆ

Հաստատվել է մանկավարժների եւ դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»:

Սովորողների եւ մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են.

Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջեւ հեռավորությունն առնվազն 3 կմ էր:

Մանկավարժները (այդ թվում` նաեւ դասավանդող նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 եւ ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաեւ տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։

2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաեւ ուսուցչի օգնականները եւ հատուկ մանկավարժները:

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի եւ դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:

Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, եւ տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների եւ ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին: