Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմում պարտության համար պետությունը քանդելու քայլերը Նիկոլը ձեռնարկել էր դեռ իր իշխանության գալու առաջին օրվանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«ԴԱՆԻԵԼ ՄԱՐԳԱՐԵՆ ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱԱԾ-ի նկարած կլիպը հակաիրավական, հակապետական ու հակաանվտանգային մտածողության վառ օրինակ էր։ Չնայած ԱԱԾ-ի ռեժիսորը մերժել էր Նիկոլի խնդրանքը եւ Հրագի «Քայլ արան» չէր դրել որպես ֆոնային երաժշտություն, բայց միեւնույն է, բացարձակ գռեհկություն էր ստացվել։
ԱԱԾ-ն մի օրում չդառավ այսքան գռեհիկ։ Երբ Նիկոլը հրամայում էր ԱԱԾ-ին սատանաներ բռնել, մենք ծիծաղում էինք, թե անկիրթ գյադա է, չգիտի, որ սատանաներին վուդուներն են բռնում։ Երբ ԱԱԾ-ին հրամայում էր Թովմասյան Հրայրի հոր տան տանիքի թիթեղները չափել, հոգոց էինք հանում՝ հույսով, որ սա վերջապես կսովորի, թե որ հիմնարկը ինչով է զբաղվում։ Երբ ԱԱԾ-ին հրամայում էր դիմակ չկրողներին ասֆալտին պառկեցնել, մտածում էինք, թե մանկության վախերն են, մանուկ ժամանակ շատ են ահաբեկել Մեշոկ Պապիով ու ԿԳԲ-ով։ Երբ ամեն շաբաթ ԱԱԾ պետ էր փոխում, անհայտ ծագման ինչ-որ պատանիների նշանակում, կարծում էինք, թե էքսպերիմենտներ է անում, իր սրտի ԱԱԾ ղեկավարին փնտրում։
Այս կլիպը բացահայտեց, որ այդ բոլոր քայլերն ամենեւին էլ ծիծաղելի չէին, այլ թիրախավորված էին ԱԱԾ-ն վերացնելուն: Նույն տիպի մանիպուլյացիաներով Նիկոլը վերացրեց Ազգային Ժողովը, Նախագահին, Կառավարությունը, Սահմանադրությունը։ Վերացան պետական ինստիտուտները, վերացավ պետությունը։
Պատերազմում պարտությունը միայն Ջեբրայիլում թուրքի առաջ դարպասը բացելով չիրականացվեց, միայն Շուշիից զորքերը անհասկանալի հանգամանքերում հանելով չնվիրվեց, միայն նախօրոք պլանավորված կոռուպցիոն ու չկրակող ՀՕՊ համակարգերով չդավաճանվեց։
Դանիել մարգարեն Նաբուգոդոնոսոր արքայի երազը մեկնելուց բացատրում էր, որ թագավորության ոսկե այսօրը, արծաթե վաղն ու երկաթե ապագան փլուզելու համար է, որ հսկայի ոտքերը կավից են։ Նիկոլը Հայաստանը կանգնեցրեց կավե ոտքերի վրա ու մի հարվածով այն փլուզեց։
Պատերազմում պարտության համար անհրաժեշտ էր, որպեսզի բանակի թիկունքին պետություն չլինի, որովհետեւ պետական ինստիտուտների գոյությունը կարող էր որեւէ պահի բռնել դավաճան չարագործի ձեռքը, թույլ չտալ Հայրենիքի կործանումը։ Պատերազմում պարտության համար պետությունը քանդելու քայլերը Նիկոլը ձեռնարկել էր դեռ իր իշխանության գալու առաջին օրվանից»: