Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«ԱՊՐԵԼՈՒ ԱՐՑԱԽ
Սիրելի հայ ժողովուրդ,
Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ Մեր ցավը խորն է ու ծանր, աներևակայելի՝ հերոս զինվորների ծնողների, հարազատների վիշտը․․․
Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։ Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք․․․ պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Այլապես, ի՛նչ իմաստ ունի մեր գոյությունը այսքանից հետո։
Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը սակայն դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի։
Սիրելի հայրենակիցներ, ինչպես նախկինում հայտնել եմ, ունեմ առողջական խնդիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկնեի արտերկիր, սակայն պատերազմը շատերիս փոխարեն որոշումներ կայացրեց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․
Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։
Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․
Խորին հարգանքով՝
Մանե Թանդիլյան
Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, այս էջը ակտիվացրել եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ հետաքրքրող որևէ լուր, տեղեկություն կամ մտադրություն ճշտել բացառապես այստեղից։ Շնորհակալ եմ»։