կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 22:51
Քաղաքական

Ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել. Փաշինյան

Ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել. Փաշինյան

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր nikolpashinyan.com կայքում հետեւյալ հայտարարությունն է տարածել.

 

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, թե ինչպես է պետք մեկնաբանել իմ այսօրվա ներկայությունը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը՝ հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.

 

Ազատության հրապարակ եմ այցելել նախեւառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրքը մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Փետրվարի 18-ի քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ տարընթերցումների տեղիք չտվող պատասխան տվեց վերջին տարիներին իրեն ուղղված մեղադրանքներին եւ ապացուցեց, որ ոգեղեն ժողովուրդ է, ազատության ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է: Մեր ժողովուրդն ընդ որում, այս փաստն ապացուցել է բազմիցս՝ բոլոր ճակատագրական պահերին արտահայտելով հստակ եւ սկզբունքային դիրքորոշում: Այդ մենք՝ քաղաքական գործիչներս ենք, որ դժբախտաբար` միշտ չէ, որ կարողացել ենք արժանի լինել մեր ժողովրդին եւ մատուցել նրան արժանի ծառայություն:

 

Ընթացիկ քաղաքական իրավիճակը առավել քան հստակ է. ժողովուրդը վստահության քվե է տվել ՀՀ նախագահի թեկնածու, հայրենադարձ գործիչ, «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի հետագա զարգացումների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնի հանրությանը, ժողովդրին:

 

Եւ այսօր իմ՝ Ազատության հրապարակում լինելը արձանագրումն է այն բանի, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել այն քայլերին, որոնք միտված կլինեն Հայաստանում իրական, համակարգային փոփոխությունների հասնելուն, ժողովրդի իշխանության հաստատմանը: Ընդգծում եմ առանց սեթեւեթանքների. Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած գործընթացներին իմ հետագա աջակցությունը կախված կլինի բացառապես դրանց քաղաքական եւ քաղաքացիական բովանդակությունից:

 

Հայաստանի ժողովրդին իրական հաղթանակների բերելը այն նպատակն է, որին ծառայել եւ ծառայելու եմ անմնացորդ»: