կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-06 14:28
Արցախ

Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային. Ազգային հերոս գնդապետը համախմբան կոչ է անում

Հայաստանի Ազգային հերոսգնդապետ Գարեգին Պողոսյանը հայ ժողովրդին կոչ է անում համախմբվել և վստահեցնում է, որ հաղթելու ենք: Այս մասին Պողոսյանն ասել է «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում:

«Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ մեր մարտական ոգին բարձր է, մենք պատրաստ ենք ջախջախելու հակառակորդին, և ես, իմ անձնակազմը, բոլորս պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք: Համոզված լինեն բոլորը, որ հայկական բանակը հզոր է, ամուր է, կանգուն է և պատրաստ է իր առջև դրված բոլոր խնդիրները կատարելու: Առաջիկա անելիքները՝ որտեղ ունեցել ենք նահանջ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետ վերադարձնենք այդ նահանջված տարածքները, հասնենք մեր խրամատներին, որտեղից հետ ենք եկել: Ինչու՝ ոչ, նաև առաջ շարժվենք՝ դեպի հակառակորդի տարածքները»,- նշել է Պողոսյանը:

Նա հավելել է, որ հակառակորդը պետք է հասկանա, որ ռազմական ճանապարհով չի կարող լուծել իր խնդիրները:

«Հայ ժողովրդին իմ ուղերձն է, որ բոլորս միանանք, համախմբվենք, պայքարենք հակառակորդի դեմ և հասնենք հաղթանակի: Մենք հաղթելու ենք, պարտվելու իրավունք չունենք: Մեր ազգը երբեք չի պարտվել: Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային, քանի որ մենք հզոր ենք, ամուր ենք, ունենք անպարտելի բանակ: Հակառակորդը պետք է համոզվի, որ պատերազմի միջոցով չի կարողանալու իրագործել իր ծրագրերը: Հայը միշտ կա, եղել է ու մնալու է»,- ասել է Ազգային հերոսը:

Հոկտեմբերի 22-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքի» շքանշանով, այսօր էլ մարտական բնագծում է և իր ստորաբաժանման հետ շարունակում է անառիկ պահել հայրենիքի սահմանները: