կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 22:19
Արցախ

ԵՄ անդամ երկրի պատգամավորը դատապարտում է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը

Նախ՝ ուզում եմ ներողություն խնդրել Արցախի ժողովրդից պատերազմում կիրառվող արգելված զինատեսակների համար, քանի որ եվրոպական երկրները ներգրավված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ զենքի առևտրում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող կոալիցիոն կառավարության մաս կազմող Podemos կուսակցության անդամ Անտոն Գոմեզ Ռեյնոն։

Նա նշեց, որ իսպանական կողմը ևս տեղյակ է այդ ամենին և այժմ իրենք  խորհրդարանում  փորձում են Իսպանիայի հասարակությանն ու Եվրամիությանը ասել՝ նախ և առաջ մենք պետք է կանգնեցնենք պատերազմը, բայց նաև դադարեցնենք բոլոր այս զենքերի մատակարարումը Ադրբեջանին ու Թուրքիային։

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի՝ այդպիսի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը ոչ միայն ներկա պահին Արցախում տեղի ունեցողով, այլ նաև տեսնելով, թե Թուրքիան ինչ գործողություններ է ծավալում Միջերկրական ծովի շրջանում, Կիպրոսի տարածքում և այլն։ Ինչ խոսք, սրա պատասխանը պետք է լինի շատ կոնկրետ՝ կասեցնել, ստոպ տալ Թուրքիայի այսպիսի ագրեսիվ քաղաքականությունը և ամեն ձևով թույլ չտալ, որ նա ներգրավվի տարբեր գեոպոլիտիկ կոնֆլիկտներում։ Պետք է կոչ անել Թուրքիային զբաղվել իր ներքին տնտեսական և քաղաքական հարցերով և  ինչ-որ տեղ քաղաքական բացերը չլրացնել արտաքին պատերազմներով»,-ասաց Անտոն Գոմեզ Ռեյնոն։

Իսպանացի պատգամավորը միանշանակ տեսնում և ընդունում է, որ Թուրքիան ներգրավված է Արցախյան հակամարտության մեջ։ Եթե ԵՄ-ն՝ Թուրքիայի ագրեսիվ քայլերը դադարեցնելու կողմնակից է, ապա ի՞նչն է խանգարում, որ դա անի և հաջողության հասնի՝ հարցին, ԵՄ անդամ պետության պատգամավորը պատասխանեց՝ հավանաբար խնդիրն այն է, որ հենց հերթը հասնում է ռեալ քաղաքական որոշումներ կայացնելուն, մարդիկ միշտ վարանում են։

«Պատճառը ռեալպոլիտիկն է․ միշտ շատ կողմեր են այդ ամեն ինչին խառնված լինում և ռեալ քաղաքական որոշումներ կայացնելը շատ երկար է տևում։ Բայց ես հույս ունեմ, որ թե՛ երկրների լոկալ մակարդակով, թե՛ նաև ԵՄ հանձնաժողովի, խորհրդի կամ պառլամենտի մակարդակով  Արցախի, Հայաստանի, նաև՝ միջերկրածովյան հարցերը կքննարկվեն  և կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,-ասաց Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը։

Անտոն Գոմեզ Ռեյնոն ասաց, որ ինքը Արցախյան հարցի խաղաղ լուծման կողմնակից է, Արցախի և Հայաստանի ժողովրդի կողքին է, և նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման կողմնակից է։

«Եթե նայենք պատմականորեն, կարող ենք ֆիքսել, որ, այո, Արցախը ինքնավար է եղել և ինքնավար է մնում հենց հիմա։ Եվ դրանից ելնելով՝ այո՛, կարող ենք ասել, որ Արցախն իրավունք ունի դիտվելու և կոչվելու Հանրապետություն»,-ասաց նա։

Պատգամավորը վստահեցրեց, որ իրենք իսպանական խորհրդարանում աշխատում են, որ մասնակցություն ունենան այս հակամարտության խաղաղ լուծմանը։

«Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի, քանի որ նախ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը ուղղակիորեն ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիայում։ Եվ ինչ խոսք, ստեղծված իրավիճակում, Արցախի ժողովուրդը պետք է անպայման իրավունք ունենա խաղաղության, երկխոսության և նրա ձայնը պետք է լսված լինի՝ մի բան, որ մենք ճանաչում ենք որպես արժեք և պետք է իրոք տեսնենք գործի մեջ»,-ասաց Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը։

Անտոն Գոմեզ Ռեյնոն Հայաստան է եկել ՀԲԸՄ կազմակերպած ծրագրով, որով եվրոպացի խորհրդարանականներն ու լրագրողները հենց տեղում ծանոթանում են արցախյան հակամարտության հետևանքով փախստական դարձած հայերին, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ շրջանում ականատես են լինում ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքներին։ Իսպանացի պատգամավորն ասաց՝ իրենց տեսածն ու լսածը տարածելու են եվրոպական շրջանակներում՝ իրական պատկերը ցույց տալու համար։

Աննա Բալյան