կարևոր
3832 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-27 19:17
Քաղաքական

Բոլորի մասնակցությունը կարևոր է․ պատգամավորը կոչով դիմում է աշխարհասփյուռ հայությանը

«Մենք չենք կարող մեր գլուխը հանգիստ բարձին դնել ու քնել, չենք կարող հանգիստ ապրել, քանի դեռ մեր արժանապատվությունը խոցված է, որի պատճառով  մենք ապրում ենք անպատվության մեջ,- «Հայելի»  ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«Տեղի ունեցողն անպատվություն է, որի մեջ ապրում ենք այսօր, երբ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ադրբեջանական բանտերում կտտանքների է ենթարկվում, և սա ուղիղ ապտակ է բոլոր հայ մարդկանց, այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք պետք է ավելի վճռական և գործնական լինենք՝ մեր եղբայրներին գերությունից ազատելու հարցում։ Չկա ավելի կարևոր հարց, քան նրանց օր առաջ Ադրբեջանի բանտերից ազատ արձակելը,  և COP 29-ին ընդառաջ, մեր ամբողջ գործունեությունն արտաքին և ներքին  ասպարեզում պետք է լինի մեկը՝  ամեն ինչ անել, որպեսզի ճնշում գործադրվի բռնապետական  ռեժիմին, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն։ Հիմա, այդ մարդիկ ադրբեջանական բանտերում հալածանքների են ենթարկվում,  և սա մեր արժանապատվության հարցն է»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը կոչ է անում աշխարհում ապրող բոլոր հայերին անհնազանդության ակցիաներ, պիկետներ, բողոքի ցույցեր կազմակերպել միջազգային բոլոր կառույցների, տվյալ երկրի իշխանության նստավայրերի առջև։

«Այս իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի պատանդառությունից ազատի մեր հայրենակիցներին, հակառակը, իմ խորին համոզմամբ նրանք ամեն ինչ անում  են, որպեսզի  նրանք չվերադառնան։ Մենք արժանապատվությունը կվերագտնենք այն պարագայում, երբ մեր եղբայրները կազատվեն այդ անասելի տանջանքներից, և չեն լինի ադրբեջանական բանտերում,- համոզմունք հայտնեց պատգամավորը։