Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի հերթական ռմբակոծություններից մեկի ժամանակ էր. Նորայր Հովսեփյանը նկարահանող խմբի հետ դուրս էր եկել տաք հետքով։ Արդեն ձայների վրա, ծխի վրա մոտավորապես գիտեին քաղաքի որ հատվածներն են ռմբակոծում։ Շենքերից մեկին մոտենալիս՝ օգնություն կանչող ձայն լսեցին։ Նորայրը վազեց վերև ու, նկարահանելու փոխարեն, հրթիռակոծված շենքի միջից գրկած դուրս բերեց միայնակ մնացած Լուսյա տատին և ուղեկցեց ապաստարան։
Կույր տատին գրկած Նորայրի կադրը տարածվեց՝ իբրև սրտացավ արցախցու ներքին մղման դրսևորում։
«Հնարավոր է, որ, որպես նկարահանող խումբ, այդ պահին մեր գործը լավ չարեցինք․․․ բայց դե մարդ էր, զգացվում էր, որ օգնության խնդիր կա ու այդ պահին մեզանից ավելի մոտիկ մարդ չկար»,-Yerkir.am-ին պատմեց Նորայրը։
Նորայր Հովսեփյանը Արցախի հանրային հեռուստատեսության լրագրող է։ Պատերազմի մեկնարկին տանն էր, քանի որ ոչ աշխատանքային օր էր։ Առավոտ շուտ առաջին պայթյունը զարմացրեց, որովհետև, եթե հրավառություն լիներ, սովորաբար, այդ ժամին չպետք է լիներ։
Բայց ամենաշատը զարմացրեց իր զավակների պահվածքը․ այդ աղմուկի մեջ, մեկ էլ տեսան, 2-րդ դասարանցի Վահեն շորերը հավաքած վազելով եկավ, որ ապաստարան գնան, 4-րդ դասարանցի Շաքեն էլ՝ պապ, կռիվը սկսվե՞ց։ Դե, փաստորեն, հա՛, սկսվեց։
«Երկրորդ-չորրորդ դասարանի երեխաներ են, բայց զարմանալի լուրջ ու մեծավարի ընդունեցին կատարվողը։ Երեխաները գիտեին, որ ապաստարան կա՝ և՛ դպրոցում, և՛ մանկապարտեզում, երևում է, նրանց բավականին սովորեցրել էին, ցույց էին տվել՝ ինչ պիտի անեն նման պահերին»,-պատմեց Նորայրը։
Ընտանիքը թողեց շենքի տակի ապաստարանում ու, բոլորի պես, շտապեց գործի։
Աշխատանքի վայրում, բնականաբար, չմնացին․ խումբը հավաքվեց, դուրս եկան՝ տեսնեն Ստեփանակերտում, մերձակայքում ինչ է կատարվում։
Շատ օպերատիվ Արցախում ձևավորվեց տեղեկատվական շտաբը։ Շատ արագ, ընդամենը մի ժամվա ընթացքում այդ ամենը կատարվեց։
«Մի անգամ էլ համոզվեցի, որ մեր հասարակությունը բավական արագ խաղաղ պայմաններից կարողացավ անցնել պատերազմի պայմանների։ Մի տեսակ, մարդկանց մեջ այդ պատրաստ լինելու փաստը կար։ Թվում էր, թե արդեն բավական ժամանակ է անցել, հիշողությունները մեծ մասի մոտ պետք է որ արդեն խամրած լինեին, բայց դե, երբ մտնում ենք ապաստարանները, տեսնում ենք այն նույն շունչը, ինչ կար 90-ականներին, լսում ենք այն զրույցները, ինչ ժամանակին լսել էինք»,-նկատեց Նորայր Հովսեփյանը։
Իր աշխատանքում արտաքինից ամեն ինչ փոխվեց, բայց զուտ բովանդակությամբ՝ ոչ մի բան չփոխվեց։ Աշխատողների անվտանգության թեման օրակարգ բերվեց և նոր կարգավորումներ սկսեցին գործել՝ կուտակումներ չլինեն, ավելորդ անցուդարձը դադարեցվի, աշխատող անձնակազմն աստիճանաբար հասցվեց նվազագույնի․․․ այսինքն, ինչ կարելի էր կատարել մեկ հոգով, հաստատ արվում էր մեկ հոգով՝ մեկ կետում մարդկանց կուտակումները բացառելու համար։
Մի որոշ ժամանակ, երբ ինտերնետ ու լույս չկար, փորձեցին ավանդական ձևերով աշխատել՝ լարով հեռախոսով զանգել, թղթի վրա տեքստ գրել, բայց այդ ժամանակը երկար չտևեց։ Զուտ հետարտադրական պրոցեսը աշխատեցին նվազագույնի հասցնել, որ դրսից բերված նյութերը կարողանային հնարավորինս արագ օգտագործել՝ լայվերով սարքում էին, հեռարձակում։ Այսպես աշխատելով՝ ամբողջ պատերազմի ընթացքում Արցախի հանրային հեռուստատեսության եթերում խափանումներ եղան ընդամենը մեկ-մեկ ու կես ժամ, ոչ ավելի։
Ավելին, պատերազմը նպաստեց, որ եթերաժամերն ավելացնելու՝ վաղուց պլանավորած աշխատանքը անմիջապես կատարեն։
«Եթե, սովորաբար, մեր եթերները սկսում էինք ժամը 16։00-ին ու ավարտում էինք ժամը 00։00-ին, պատերազմը սկսվելուց հետո մեր եթերը սկսվեց արդեն առավոտյան ժամը 9։00-ից ու էլի շարունակվեց մինչև գիշերվա ժամը 1։00-ն։ Վաղուց նախատեսում էինք, որ աստիճանաբար 24-ժամվա անցնենք, բայց նախատեսվածից շուտ եղավ»,-ասաց Նորայրը։
Պատերազմ լուսաբանելու առիթ Նորայր Հովսեփյանն ունեցել է դեռ 2016 թ-ին, բայց այն ժամանակ և՛ ծավալներն էին ուրիշ, և՛ ժամանակային առումով այդքան երկար ու ընդգրկուն չէր պատերազմը, և՛ թիկունքում այդքան խնդրահարույց կետեր չկային։
«Այսինքն, այն ժամանակ կար հստակ առաջնագիծ, որտեղ գիտեիր, որ վտանգի աստիճանը, ենթադրենք, 10 աստիճան է, իսկ թիկունքում՝ 3-4 աստիճան։ Հիմա, խոշոր հաշվով, տարբերությունը շատ մեծ չէ։ Գրեթե նույն հավանականությամբ Ստեփանակերտի կենտրոնն էլ է վտանգի տակ, առաջնագիծն էլ։ Իհարկե, էլի տոկոսներ կան, բայց, հակառակորդի անկանխատեսելիությունը հաշվի առնելով, տոկոսների այդ հարաբերակցությունը մեծ չէ»,-նկատեց Նորայր Հովսեփյանը։
Խրամատներում շատ անգամ է պատահում՝ հայրը որդիների հետ, ավագ եղբայրը կրտսեր եղբոր հետ են դիրք պահում։ Նորայրն ասում է՝ իրականում, մեծ մասամբ, որդիները գերադասում են առանձին լինել հայրերից։
«Սա էլ էր հետաքրքիր։ Հանդիպեցի իմ ծանոթներից մեկին խրամատում, տեսա, որ հայրն էլ կողքն էր, ասում եմ՝ հե՞շտ է պապայի հետ միասին նույն խրամատում, ասում է՝ չէ՜, բան է լինում, որ ինքն այստեղ չլինի, ես ուրիշ ձևի կանեմ, այստեղ էլ է ոնց որ տանը՝ էս մեկը չի կարելի, էն մեկը չի կարելի, զգույշ մնա։ Հայրեր-որդիներ ավանդական զրույցներ են, ըստ երևույթին»,-պատմեց Նորայրը։
Նրա համար ամենատպավորիչը այս ամբողջ իրավիճակում մեր տղաներն են։
«Անկեղծ, իսկապես դրանից տպավորիչ բան չկա․ սերունդ է մեծանում, որ մնում ես զարմացած՝ լրահոսում մի քիչ տխուր է լինում, գնում ես առաջնագիծ ու վերադառնում լրիվ ուրիշ տրամադրությամբ՝ շատ ոգևորված։ Ամեն անգամ առաջնագիծ գնալիս, զարմանում ես իրենց տոկունության վրա, նույնիսկ այդ պահին հումորի զգացումը չեն կորցնում, անում են էն, որ մտածում ես՝ դժվար թե անի մի հոգի»,-նշեց նա։
Նորայրը նաև նկատել է, որ դիրքերում, չգրված կանոնի համաձայն, մի հոգին երկու-երեք հոգու գործ է անում։
«Նայում ես՝ հրետանային հաշվարկում, որ պիտի լինի իքս մարդ, այդ նույն գործը անում են գրեթե կրկնակի քիչ թվով մարդիկ, իսկ ազատ անձնակազմին գերադասում են պահել ավելի ապահով, որ եթե, Աստված չանի, ինչ-որ մի բան լինի, անձնակազմի մյուս մասը գա իրենց փոխարինի։ Իրենց գրված ու չգրված օրենքները մի փոքր այլ են․ ոչ մի տեղ երևի գրված չէ, որ պատերազմի ժամանակ կարող ես անձնակազմի մի մասին ապահով տեղ պահել, որ, եթե քեզ մի բան պատահի, փոխարինող կազմ գա ու շարունակի։ Տղաները դա անում են»,-պատմեց Նորայրը։
Ի՞նչ է այս պատերազմը և ինչո՞ւ եղավ՝ մտածելու ժամանակ կլինի պատերազմից հետո, ասում է, հիմա ավելի շատ լինել-չլինելու խնդիրն է։
«Սա, գոնե մեզ համար, պատերազմ չէ կոնկրետ շահի, կոնկրետ նպատակների համար, այստեղ այլընտրանք չկա։ Առաջին դեպքում այլընտրանք կարող է լինել, այդ շահին կձգտես մի քիչ ավելի ուշ, կամ յոլա կգնաս առանց դրա, բայց այս դեպքում, ցավոք, այդ շռայլությունը մենք չունենք, ու հարցն այն է, որ ազգովի դա հասկանում ենք։ Մեզ նույնիսկ չեն էլ հարցնում՝ մենք պատերազմ ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում․ այստեղ կա փաստը ու մենք ենք այդ փաստի դիմաց կանգնած»,-ասաց Նորայր Հովսեփյանը։
Ապաստարանում ամեն մեկը մտովի իր տղայի, իր թոռան հետ է։ Խոսում են իրենց մասին, խոսում են 90-ականների պատերազմի մասին՝ ոնց են դիմացել, այդ օրերին ինչ էին անում։ Առաջնագծից թիկունիքն են թև տալիս, թիկունքից՝ առաջնագծին՝ ասում է Նորայրը։
Իրենք աշխատում են ամենաքիչը մինչև գիշերվա 1-ը։ Եթե դրանից հետո էլ է աշխատանք լինում, ուրեմն քնում են աշխատավայր-ապաստարանում։
Քանի ընտանիքը Ստեփանակերտում էր, հենց տագնապի ձայնը լսում էր, ապաստարան մտնելու փոխարեն Նորայրը արկերի տակով վազում էր տուն՝ տեսնելու ինչ վիճակ է, ոնց են, ինչ են։
Նորայրի աշխատանքային պարագաների թվում ավելացել է դաշտային համազգեստը, զրահաբաճկոնը, սաղավարտը, քնապարկը։
Պատերազմի ավարտի մասին կանխատեսում անելը անշնորհակալ գործ է համարում, որովհետև մտածում է՝ դեռ ոչ մեկը չի հասել մի կետի, որ կուզենար կանգնել։ Եվ այստեղ խնդիրը միայն Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստանը չէ, ասում է, այդ շրջանակից վաղուց դուրս ենք եկել, ցավոք սրտի, հիմա արդեն մեծ շահեր են և մենք էլ, ճակատագրի բերումով, այդ մեծ շահերի տարածքում ենք։ Ընդհանուր զարգացումները տեսնելով՝ լավատես չէ, որ զուտ հումանիտար խնդիրները կարող են ինչ-որ ուժի կանգնեցնել։ Բազմաթիվ օրինակներ կան, ասում է, որ մարդասիրական խնդիրները սկսում են քննարկել հետին ամսաթվով։ Այնպես որ, հիմա ավելի շատ դիմանալու խնդիր կա, մնացածը հետո կերևա։
Աննա Բալյան