Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
(14-16 հոկտեմբեր 2020 թ․)
Անցնող օրերի ընթացքում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբեր և գրասենյակների իրականացրած քարոզչական-տեղեկատվական բնույթի աշխատանքներին, տարբեր բնույթի ցույցերին, հանրահավաքներին և երթերին զուգահեռ արձանագրվել են նաև կոնկրետ քաղաքական արդյունքներ, որոնք հնարավոր են դարձել Հայ դատի հանձնախմբերի երարատև աշխատանքների և շարունակաբար զարգացող հարաբերությունների պայմաններում։
Այս օրերի ընթացքում նույնպես, շարունակվել են հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության միջազգային հանրահռչակման աշխատանքները, որոնցով մերկացվել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները՝ ուղղված սեփական իրավունքները պաշտպանող խաղաղ բնակչության նկատմամբ։
Հոկտեմբերի 15-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: Այն, մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ Ադրբեջանի կողմից: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությանը:
Բանաձևում նաև նշվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ միաձայնությամբ բանաձև է ընդունել նաև Ավստրիայի Խորհրդրանը։ Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ ավստրիացի խորհրդարանականները նշում են, որ Թուրքիան, որը ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, սրում է հակամարտությունը: Բանաձևի հեղինակները մտահոգիչ են համարում նաև օտարերկրյա զինյալների հավաքագրման մասին հաղորդագրությունները՝ նկատելով, որ արտաքին միջամտությունը թեժացնում է հակամարտությունը և կարող է հանգեցնել հետագա՝ նաև տարածաշրջանային ապակայունացման։
Այս օրերին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, տասնյակ քաղաքներում կազմակերպվում են հանրային միջոցառումներ, ցույցեր, երթեր։ Իբրև բողոքի ակցիա և Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով փակվուն են համաեվրոպական նշանակության բազմաթիվ մայրուղիներ։
Հոկտեմբերի 15-ին, Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել դաշնային կառավարությանը ճշգրիտ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի շարունակական հարձակումները Արցախի և Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ: Հանձնախումբը նաև կոչ է արել ստորագրել և տարածել այդ նպատակով կառավարությանն ուղղված հանրային պահանջագիրը։ Ընդհանուր առմամբ հանձնախումբը շարունակում է արբեր մեթոդներով ճնշում գործադրել Ավստրալիայի իշխանության տարբեր թևերի վրա, որպեսզի վերջիններս իրերը կոչեն իրենց անունով։
Մոնրեալում կրկին բողոքի խաղաղ ցույց է իրականացվել, այս անգամ տեղական իշխանություններից ցուցարարներ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակում է քաղաքական-հարաբերական ակտիվ աշխատանքները կանադական հասարակական-քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների հետ՝ փորձելով բացառել հանրային կարծիքի ադրբեջանաթուրքական մանիպուլյացիան։ Այս առումով հանձնախմբի պատասխանատուները առաջատար բազմաթիվ լրատվամիջոցներում հանդես են եկել տարբեր հարցազրույցներով։
Քարոզչական և տեղեկատվական բնույթի աշխատանքների շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակը մեծ ծավալով շարունակում է իրականացնել մեդիա-մոնիթորինգ՝ ԱՄՆ հասարակական-քաղաքական և հանրային շշրջանակների համար վեր հանելով ադրբեջանական քարոզչության կեղծիքները։ Շարունակվում են բացահայտվել և վեր հանվել նաև Վաշինգտոնում Ադրբեջանի համար մասնավոր լոբբիստական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքը և դրանց մանիպուլացնող բնույթը։ Հանձնախումբը շարունակում է քաջալերել ամերիկահայությանը, ինչպես հանրային այնպես էլ անհատական մակարդակներում աշխատել և ճնշումներ գործադրել իրենց տարածքներից ընտրված օրենսդիրների վրա՝ Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը և զենքի վաճառքը բացառելու և այլնի վերաբերյալ։
Հոկտեմբերի 15-ին, շուրջ 18 ժամ տևած նստաշրջանի ավարտին, Միչիգանի Խորհրդարանն ընդունեց հայազգի Մարի Մանուկյանի հեղինակած բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի Ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։
Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն անընդհատական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։