կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 13:54
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի քանի օր հետո Գետաշենում Գետաշենն եմ երգելու․ Գուսան Հայկազուն

«Իմ երգերն են 30 տարուց ավել ոգևորել, ուժ տվել զինվորներին, բայց այսօր անկեղծ ասած ինքս եմ ուժ ստանում, ոգևորվում մեր զիվորիների կռվի այդ պատրաստակամությունից։ Ես մասնակցել եմ Արցախյան պատերազմին, անգամ այդ ժամանակ նման ոգևորություն չեմ տեսել ո՛չ թիկունքում, ո՛չ բանակում։ Այնուամենայնիվ, պատերազմ է և շատ հզոր, դաժան պատերազմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան ազատամարտի մասնակից  Գուսան Հայկազունը:

Հայկազունի համոզմամբ, այս պատերազմը երկար չի տևի, ավելին՝ ըստ նրա պատերազմն ավարտվելու է հաղթանակով․ «Այս պատերազմը ծայրահեղ կարող է տևել մեկ շաբաթ, կամ՝ տասն օր, ու ավարտվելու է Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ։ Մենք հաղթելու ենք անպայման, բայց միայն Ադրբեջանին չենք հաղթում և այս հաղթանակով մենք ջարդելու ենք Թուրքիայի ողնաշարը, դրանով Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի, գուցեև Կիլիկիայի հաղթանակներն ենք մոտեցնում»։

Բանախոսի դիտարկմամբ տարիներ շարունակ Թուրքիան իր լկտի պահվածքով ամբողջ աշխարհը խառնել է իրար․ «Այսքան երկրների մեջ մեկը չկա՞ մատը խփի ու ասի, լավ, էս ի՞նչ ես անում․․․ Այսօր միակը Հայաստանն է, որ կանգնելու է Թուրքիայի դեմ և ջարդելու ենք Թուրքիայի ողնաշարը։ Թուրքիան պարտվելու է հենց արցախյան այս պատերազմում։ Ես մեր տղաների ցավը տանեմ, սահմանում կանգնած մեր տղաներն են մեզ ոգևորում»։

Այնուամենայնիվ, Հայկազունն առաջարկում է հետևություններն անել պատերազմից հետո․ «Աշխարհը փոխվելու է, Հայաստանը փոխվելու է, շատ բան է փոխվելու։ Այս պահին մեզ պետք է պատերազմը հաղթել, մեր ոգին բարձրացնել, որ մեր զինվորը ոչ թե 15 տանկ խփի, այլ՝ 30։ Վստահ եմ՝ մենք հաղթել ենք ու հաղթելու ենք։ Վստամ եմ՝ մի քանի օր հետո, ես Գետաշենում Գետաշենն եմ երգելու։ Վստահ եմ՝ մի քանի օրից Ալիևը ծնկի է գալու մեր՝ Հայաստանի հանրապետության առաջ»։

Ի դեպ, Հայկազունը նաև տեղեկացրեց, որ այս օրերին նույնիսկ նոր երգեր են ծնվել․ «Վերջին օրերին երկու երգ գրեցի, մեկը կոչ էր լեզգիներին, Թալիշներին, որպեսզի ոտքի ելնեն ադրբեջանցիների դեմ։ Շատ ուրախացա, որ 2 օր հետո էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ նույն կոչով»,- ասաց Հայկազունն ու զարմանքով հարց բարձրացրեց, թե այսօր ինչու ռազմահայրենասիրական երգեր չեն հնչում հեռուստատեսությունների եթերում, ապա խոսքն ավարտեց իր վերջին գրած «Լավ իմացիր» երգի կատարումով։

Մանրամասները՝ տեսանյութում․