Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների եւ մարտական գործողությունների հետեւանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:
Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:
«Այսօր բոլորս պետք է լինենք մեկ մարդու պես, լինենք մեր բանակի կողքին, լինենք ամուր, անսասան եւ աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք մեր կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` եւ՛ ռազմաճակատում, եւ՛ թիկունքում ծառայության ընթացքում։ Մենք մեր գործառույթները բարեխիղճ կատարել ենք խաղաղ կյանքում, դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը`հավելելով նաեւ, որ Քննչական կոմիտեի ծառայողները, ըստ սահմանված կարգի, ներկայանան ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ կցագրման, եւ սպասեն զորակոչի:
Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ եւ ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու եւ համակարգելու վերաբերյալ: