Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։ Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ Գ. Ծառուկյանը խոսել էր քաղաքական, տնտեսական մի շարք խնդիրների մասին և հայտարարել, որ առաջիկայում մեծ հանրահավաք է տեղի ունենալու։ Դրան զուգահեռ՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ երեկ իր տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ թեժ աշուն է սպասվելու։
Մամուլն էլ ժամանակ առ ժամանակ գրում է, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններն առաջիկայում ակտիվացնելու են ներքաղաքական զարգացումները, ինչը կարող է նախադրյալ հանդիսանալ արտախորհրդարանական ուժերի միավորման համար։
168.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանն ասաց, որ «Հայրենիքի», ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ձևավորված են գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններ, կա աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է կազմակերպում, քննարկում մարտավարական և ռազմավարական խնդիրներ։
«Մենք ունենք մեկ օրակարգ, և այդ օրակարգն այսօրվա իշխանություններին շուտափույթ իրենց տուն ճանապարհելն է։ Որպես կանոն՝ փորձը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական աշունը միշտ էլ ակտիվ է լինում, այս անգամ կան նախադրյալներ. ժողովրդի մեծամասնության համբերության բաժակը լցվել է, օր օրի կուտակվում են խնդիրներ, որոնք այսօրվա իշխանությունները ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ունակություն ունեն լուծելու։ Բնականաբար, այս բոլորը գեներացվում են, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնելու, ինչն էլ մենք պատրաստվում ենք անել»,- նշեց Խ. Գալստյանը։
Թե ի՞նչ ճանապարհով իշխանություններին տուն կճանապարհեն, արդյո՞ք 2018 թվականի մեթոդները կօգտագործեն՝ կփակե՞ն ճանապահները, կամուրջները, շենք-շինությունները, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, թե որևէ մեթոդ ինքնանպատակ չէ. «Սահմանադրությամբ թույլատրված ու հասանելի բոլոր միջոցնեը պետք է օգտագործվեն և կօգտագործվեն՝ ըստ անհրաժեշտության և պահի թելադրանքի»։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը նաև ընդգծեց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ բաց են համագործակցության համար, երկրի ներսում որևէ թշնամի չունեն, խորհրդարանական, արտախորհրդարանական և այն քաղաքական ուժերը, որոնք կիսում են կուսակցության գաղափարախոսությունը, մտահոգությունները, օրակարգը, կարող են համագործակցել։
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և հարցին, թե դրանք չե՞ն խանգարելու իրենց նպատակների իրականացմանը, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ նախ՝ այս ամենը ցույց է տալիս ռեժիմի սնանկությունը, քանի որ նման հետապնդումներն ուղիղ քաղաքական երանգավորում ունեն։
«Սրանք ուղիղ համեմատական են կուսակցության նախագահի ակտիվ գործունեության հետ։ Երբ պարոն Վանեցյանը և կուսակցության խորհրդի անդամները հանդես են գալիս սուր քննադատություններով, հրապարակային ելույթներով, դրան հետևում են շինծու քրեական գործերը կամ շինծու քաղաքական հետապնդումները։ Սա մեզ համար բացահայտ ձեռագիր է, որը մեզ չի կանգնեցնելու, սա մեզ չի կարող կանգնեցնել մեր վերջնական նպատակին հասնելու համար»,- եզրափակեց Խաչիկ Գալստյանը։
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ամիսներ առաջ, երբ ՀՅԴ-ն, «Հայրենիքը» և ԲՀԿ-ն հայտարարեցին իրենց համագործակցության մասին, շեշտեցին, որ այն մարտավարական գործընկերություն է՝ պայմանավորված երկրում ընթացող քաղաքական գործընթացներով, և քաղաքական օրակարգի այս կամ այն հարցի շուրջ բաց են բանակցելու և համագործակցելու նաև այլ քաղաքական ուժերի հետ:
«Երկրի քաղաքական օրակարգը կթելադրի, թե մեր եռյակի ձևաչափը որքանով կարող է ընդլայնվել, համախոհների շրջագիծը որքանով կմեծանա։ Ըստ էության, սա մարտավարական քաղաքական համախմբում է այս կամ այն քաղաքական օրակարգի շուրջ։ Միանշանակ է, որ սա նախընտրական դաշինք չէ, հայտարարել ենք, որ քաղաքական օրակարգերի շուրջ բաց ենք քննարկումների համար, և այլ քաղաքական ուժեր տարբեր ձևաչափերով կարող են իրենց մասնակցությունը բերել»,- նշեց Լ. Գալստյանը։
Ըստ նրա՝ ՀՅԴ-ի և մյուս երկու կուսակցությունների քաղաքական օրակարգը միայն իշխանության քաղաքական օրակարգով պայմանավորված չէ, և յուրաքանչյուրը կաշկանդված չէ այս կամ այն հարցի շուրջ ունենալու սեփական կարծիքը։
«Մի խոսքով՝ սա նախընտրական դաշինք չէ, այլ պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական կյանքով, քաղաքական մշակույթով, նաև Հայաստանի մարտահրավերները դիմագրավելու քաղաքական ուժերի պատասխանատվությամբ»,- հավելեց քաղաքական գործիչը։
Լ. Գալստյանը նաև ընդգծեց, որ ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հետ իրենց համատեղ երկու ակցիաները բավականին հրապարակային են եղել։ Խոսքը վերաբերում է հանցագործության մասին Դատախազությանը ներկայացված հաղորդմանը, որը վերաբերում էր ԱԺ-ի ընդունած Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությանը: Դատախազության կողմից մերժում ստանալուց հետո շարունակել են օրենքով նախատեսված կարգով հետագա բողոքարկումը:
«Նաև մեր աշխատանքային խմբի կողմից մշակվել է օրենքի մի նախագիծ, որն ըստ էության համաներումի նախագիծ է. Առաջարկում ենք չեղարկել տասնյակ-հազար քաղաքացիների նկատմամբ հարուցված վարչական վարույթը՝ կապված դիմակների կրման տույժ ու տուգանքների հետ։ Այս նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ կդնի ԲՀ խմբակցությունը։ ՀՀ-ում արտակարգ դրության հաստատումից ի վեր՝ մինչև 2020 թ․ օգոստոսի 18-ը ներառյալ, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 82.116 որոշում, որոնցից 71.713-ը կազմվել է դիմակ չկրելու համար: Ելնելով ծանր սոցիալ-տնտեսական պայմաններից՝ առաջարկում ենք հումանիստական վերաբերմունք ցուցաբերել և չեղարկել տուգանքները»,- եզրափակեց Լիլիթ Գալստյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից որևէ մեկի հետ չհաջողվեց կապ հաստատել։