Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որոնց հետևանքով Ադրբեջանական զորամիավորումները մոտ 3,5 կիլոմետր խորությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` որպես հետևանք խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
«Զարգացումների նման ընթացքը Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է, որը պարբերաբար հանգեցնում է պետական կառավարման և անվտանգային ճգնաժամերի, ինչի հետևանքով խաթարվում է մեր երկրի ներքին կայունությունը, ստեղծելով նաև նորանոր մարտահրավերներ արտաքին քաղաքական միջավայրում։
Սյունիքում և Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված անվտանգային մարտահրավերները դիմագրավելու նպատակով խիստ անհրաժեշտ ենք համարում ներքաղաքական կյանքում ազգային և առողջ ուժերի համախմբումը, ինչպես նաև մեր բանակի՝ հնարավորին արագ վերականգնումն ու հզորացումը, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում ռազմավարական դաշնակից և բարեկամ պետությունների հետ նոր որակի արժանապատիվ գործընկերային հարաբերությունների կառուցումը։
Նկատի առնելով, որ այս ապիկար և ապաշնորհ վարչախումբը որևէ պարագայում ունակ չէ վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի մեր պետության կենսական շահերը և ինքնիշխանությունը ՝ մեկ անգամ ևս համոզմունք ենք հայտնում, որ դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի», - ասված է հայտարարությունում։