կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 13:41
Սպորտ

Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է

Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:

ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով առաջարկվում է հավուր պատշաճի նշել նոր համաշխարհային օրը, քանի որ շախմատը հնագույն մտավոր և մշակութային խաղերից մեկն է, որն իր մեջ սպորտի, գիտական մտածողության ու արվեստի տարրեր է ներառում։ Բանաձևի համահեղինակներն ընդգծել են, որ շախմատ խաղում են ամբողջ աշխարհում։ Այս խաղը խրախուսում է արդարությունը, ինտեգրումը և փոխադարձ հարգանքը, նպաստում է ժողովուրդների ու պետությունների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն տարածում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Երկրի ամենաժողովրդական խաղերից է: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Աշխարհում լայնորեն հայտնի են հայ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի, Լևոն Արոնյանի և այլոց անունները: Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային տերություններից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է:

Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։