Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հատուկ նիստ հրավիրելու ՀՅԴ պահանջը ճիշտ նախաձեռնություն է և միգուցե նույնիսկ ուշացրել ենք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԵԱՏՄ նախկին նախարար, նախկին փախարտգործնախարար, «Զարգացման հայկական գործակալության» նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
Նրա համար ակնհայտ է, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը և այս պահի դրությամբ նույնիսկ չենք տեսնում որևիցե ռազմավարություն, որով նախատեսվում է կորոնավիրուսի դեմն առնել։
Վարչապետի հայտարարությունները, թե՝ իրենց համար անհասկանալի է վիրուսի այս տարածումն ինչքան կտևի, Ռոբերտ Հարությունյանին հիմք են տվել եզրակացնելու, որ կառավարությունը չի պատկերացնում, թե ինչ գործողություններ պետք է անել այս աղետից դուրս գալու համար։
«Պետք է անհապաղ իրականացնել ԱԺ նման լսումներ, քննարկումներ՝ հասկանալու, եթե կառավարությունն ունակ չէ դա անել՝ հուշելու, փոխելու, լուծումներ մատնանշելու։ Եթե նույնիսկ լսելու ունակություն չկա, ապա մենք կարծում ենք, և դա հայտարարվել է նաև Արթուր Վանեցյանի և մեր կուսակցության կողմից, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա և ձևավորվի իրոք կարող կառավարություն, որը մեր երկիրը դուրս կբերի այս աղետալի վիճակից»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։
Այս օրակարգի շուրջ արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա, նրա համոզմամբ, ոչ թե հնարավոր է, այլև անհրաժեշտ է․ «Ես կարծում եմ, որ արտախորհրդարանական և նաև խորհրդարանական ուժերը պետք է հասկանան, որ ժամանակն է համախմբվելու, որովհետև մենք իրականում շատ լուրջ խնդիրներ արդեն ունենք և գնալով ավելի են խորանալու այդ խնդիրները։ Մենք աղետալի վիճակում ենք և եթե արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերը չհամախմբվեն, չքննարկեն և չակտիվանան, կարծում եմ, մենք շատ կտուժենք։ Օր առաջ դա պետք է անել»։
Ռոբերտ Հարությունյանը հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ շարժումը հենց այս պահին սկսել, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի ավարտից հետո․ նա հիշեցրեց, որ երբ նոր էր սկսվում համավարակը ընդդիմադիր ուժերից շատերը հայտարարեցին, որ պատրաստ են աջակցելու կառավարությանը։
«Համենայն դեպս, նաև մեր կուսակցության անդամները, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ կուսակցությունը չէր ձևավորվել, լրատվամիջոցներով հրապարակումների միջոցով առաջարկություններ էին արել՝ ինչ է պետք անել և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների բարելավման համար, հումանիտար աղետից խուսափելու համար և այլն։ Տեսնում ենք, ուր կառավարությունը դրան ականջալուր չեղավ»,-ասաց նա։
Իսկ այժմ, երբ, Ռոբերտ Հարությունյանի գնահատմամբ՝ իրավիճակը գնալով վատանում է, արդեն դուրս է եկել վերահսկողությունից և վարչապետը հայտարարում է, որ չգիտեն՝ ճգնաժամը դեռևս ինչքան է տևելու, անտրամաբանական է սպասել, մինչև դա ավարտվի․ «Աստված գիտի՝ երբ դա կավարտվի, մենք ինչքան մահեր դեռևս կունենանք, ինչքան վարակվածներ․․․ ու ուղղակի նայենք, թե ո՞նց է կառավարությունը ձախողում այս պայքարը, ձախողում այս մարտահրավերներին արդյունավետ պատասխանելը և ասենք՝ լավ, մենք բան չենք ասում, համախմբվում, գնում ենք առա՞ջ։ Մենք ասում ենք՝ եթե դուք ունակ չեք, իսկ դա մենք տեսնում ենք, ապա օր առաջ, նույնիսկ այս վիճակում պետք է փոխել կառավարությունը և բերել ունակ մարդկանց, որոնք հնարավորինս կկարողանան մեղմել իրավիճակը կամ գոնե դուրս կբերեն հանրապետությունը այս վիճակից։ Պետք է անել, մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, սա է խնդիրը»։
«Հայրենիք» կուսակցության հիմնական կոչն այս պահին այն է, որ Հայաստանը գտնվում է բավականին լուրջ մարտահրավերների առջև և մի շարք ոլորտներում կա աղետալի վիճակ։
«Եվ այդ աղետալի վիճակից դուրս գալու համար մենք գտնում ենք, որ պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և այդ կառավարությունը պետք է փորձի երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։
Համաձայնության կառավարությունում, ըստ Ռոբերտ Հարությունյանի, կընդգրկվեն բոլոր այն կարող ուժերը, որոնք ցանկություն կունենան համախմբվել այս գաղափարի շուրջ և կկիսեն այս իրավիճակից դուրս գալու համար անհապաղ քայլեր անելու կարծիքը։
«Այս նպատակով նախատեսում ենք իրականացնել խորհրդակցություններ և այդ խորհրդակցությունների արդյունքում, կարծում եմ, կձևավորվեն մոտեցումները, այդ թվում՝ կառավարության նկատմամբ»,-ասաց նա։
Ռոբերտ Հարությունյանը նախկինում եղել է «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրենը, ապա՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը․ ակտիվ քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեց մտնել քաղաքական փոթորկի մեջ՝ հարցին, պատասխանեց՝ եթե անկեղծ լինենք, հիմա նույնպես շարունակում եմ մասնագիտական ուղղվածությունը՝ փորձում եմ որպես տնտեսագետ ներուժս ավելի շատ օգտագործել այդ ոլորտում՝ աջակցելով «Հայրենիք» կուսակցության տնտեսական ծրագրերին։ Բայց նաև հավելեց՝ երբ արդեն տեսնում ես, որ կառավարության գործողությունները, նույնիսկ անկախ կորոնավիրուսից, իրականացվող քաղաքականությունը իրավական, տնտեսական, սոցիական տեսանկյունից այնքան էլ նպաստավոր չեն, փորձում ես ազդել այդ քաղաքականության վրա։
«Օրինակ, երբ տեսնում ենք, որ 2 տարվա մեջ ներդրումներ չեն եկել, որ օրենսդրական նախաձեռնությունները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, դատարանների հետ կապված և այլն, հանգեցնում են նրան, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը օտարերկրացու մոտ և բիզնես անողի մոտ նվազում է, ակնհայտ է դառնում, որ պետք է որոշում կայացնել՝ ինչ-որ ֆորմատով հասցնելու քո ձայնը հանրությանը, փորձել ազդել այն քաղաքականության վրա, որը տեղի է ունենում»,-բացատրեց նա։
Այս ֆոնի վրա՝ ծանոթանալով «Հայրենիք» կուսակցության ծրագրերին և Արթուր Վանեցյանի հետ խոսելով հանրային կյանքի կազմակերպման, պետության դերակատարման մասին և, ընդհանրապես, ռազմավարական տարբեր խնդիրների շուրջ՝ Ռոբերտ Հարությունյանը համոզվել է, որ դրանք իր համար հոգեհարազատ են և որոշել է միանալ։
«Հայրենիք» կուսակցությունը այս օրերին օրենսդրական մի մտահոգիչ նախաձեռնություն է նկատել իշխող ուժի կողմից, որի մասին մտադիր է բարձրաձայնել․ տնտեսական այս ճգնաժամի պայմաններում, երբ անշարժ գույքի գնանկում է նկատվում, կառավարությունը հանդես է եկել մի անհասկանալի նախաձեռնությամբ, որը կբերի գույքահարկի բարձրացման։
«Այսինքն, թեև գույքահակի դրույքաչափերը որոշակի չափով նվազեցրել են, բայց, քանի որ կադաստրային արժեքը փոխարկում են շուկայականով, դա ենթադրում է, որ մոտավորապես 4 անգամ քաղաքացիների ընդհանուր ծախսերը մեծանալու։ Այս պարագայում, մենք գնահատում ենք, որ անշարժ գույքի շուկային սպասվում է կոլապս։ Եվ եթե նույնիսկ կառավարությունն ասում է՝ մենք դա կիրառելու ենք 4 տարվա ընթացքում, ոչ թե միանգամից, միևնույն է՝ արդեն սպասումներ են ձևավորվում ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ։ Այդ ֆոնի վրա երբ խոսում ենք Հայաստանի մրցունակության բարձրացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին, Հայաստանը քիչ ավելի գրավիչ և քիչ ավելի մրցունակ դարձնելու մասին, ապա սա անհասկանալի է։ Եվ երկրորդը՝ հաշվի առնելով, որ մեր երկրում մարդկանց մոտ անշարժ գույքը ձևավորվել է նաև խորհրդային տարիներից, իսկ այն ժամանակ լրիվ այլ հասարակարգ էր և մենք սոցիալիստական երկրից անցում ենք կատարել դեպի կապիտալիստական երկիր, հաշվի չառնել, որ մարդկանց գույքը իրենց մոտ չի հայտնվել շուկայից ձեռք բերելու, կապիտալի կուտակման միջոցով, դա նշանակում է ուղղակիորեն լուրջ վտանգների ենթարկել մեր քաղաքացիներին»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։
Նա նշեց, որ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքի կենտրոնում գույքը տիրապետում են թոշակառուներ, դասատուներ, այնպիսի աշխատողներ, որոնք չեն վաստակում այն գումարը, որն իրենց թույլ կտա այս թանկացած գույքահարկը վճարել, այսինքն, դա վճարելու համար անհրաժեշտ կլինի վաճառել իրենց բնակարանները և տեղափոխվել այլ տեղ։ Եվ եթե անշարժ գույքի շուկայում առաջարկը ակնհայտորեն նմանատիպ կտրուկ աճ գրանցի, ակնհայտ է, որ գները նվազելու են։ Գների նվազման պարագայում նույն մարդիկ, որոնք իրենց տները վաճառել են, ավելի են աղքատանալու նույնիսկ եթե տեղափոխվեն։
«Այս փուլում, երբ տեսնում ենք տնտեսական անկում, աշխատատեղերի կրճատում, եկամուտների, խնայողությունների նվազում, հանդես գալ նման առաջարկով, մեզ համար անհասկանալի և անընդունելի է»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։
Ֆինանսների նախարարությունը շատ անսպասելի այս առաջարկը բերեց՝ նկատեց նա, ընդ որում՝ հղում անելով 2019-22 թթ ֆիսկալ քաղաքականության ռազմավարության վրա․ «Բայց, իմ կարծիքով, դա շատ հապճեպ արեց ու ես իրականում, փորձից ելնելով, ենթադրում եմ, որ իրենց արագ գործելաոճը այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի նախապայմանով է միգուցե պայմանավորված։ Իմ գնահատականով՝ այս պահի դրությամբ պետք է միանշանակ զերծ մնալ նման որոշման կայացումից, չբերել օրինագիծը ԱԺ և այլ լուծումներ գտնել»։
Հնարավոր պարենային ճգնաժամի մասին խոսելով՝ Ռոբերտ Հարությունյանը նկատեց, որ Հայաստանում բանը սովի չի հասնի՝ հաշվի առնելով, որ ունենք գյուղատնտեսություն, անգամ եթե այս առումով ինքնաբավ երկիր չենք։ Մեկ այլ տեսանկյունից, ըստ նրա, ոչ թե պարեն չի լինելու, այլ մարդկանց եկամուտներն են են նվազելու կամ վերանալու։
«Այսինքն, պարենը կլինի, բայց մարդը հնարավոր է չկարողանա իրեն թույլ տալ ձեռք բերել այդ պարենը։ Եվ այդ փուլում թե կառավարությունն ինչպես կարձագանքի դրան կամ չի արձագանքի, սա իրական խնդիր է»,-ասաց նա։
Ռոբերտ Հարությունյանի գնահատմամբ՝ համավարակի շրջանակում կառավարությունն իրականացրած և՛ տնտեսական, և սոցիալական աջակցության ծրագրերը ոչ բավարար էին։
«Այս պահի դրությամբ, որ վարչապետն ասում է՝ 75 միլիարդի կարգի գումար ենք ծախսել և 1 միլիոն մարդ ու որոշակի քանակությամբ ընկերություններ ստացել է աջակցություն, եթե նույնիսկ ենթադրենք, որ դրանից 50 միլիարդը սոցիալական ծրագրերի է գնացել, դա նշանակում է, որ 1 միլիոն մարդը ստացել է յուրաքանչյուրը միջինը 50 հազար դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ 50 հազար դրամով մենք լուրջ սոցիալական խնդի՞ր ենք լուծում, մենք թույլ ենք տալիս, որ մարդը ապահով ապրի և ընդհանրապես հոգս չունենա՞»,-ասաց նա։
Սա այն դեպքում, որ կոմունալների վճարն ու դիմակ կրելը դարձան պարտադիր և յուրաքանչյուր մարդ ստիպված է լրացուցիչ գումար ծախսել նաև դիմակի ու կանխարգելող հաբերի վրա։
«Այս ֆոնի վրա, երբ ընկերություններից շատերը փակման եզրին են և իրենք են ասում, որ 40 հազար գործազուրկ կա, արդյո՞ք 50 հազարը բավարար է»,-տարակուսեց Ռոբերտ Հարությունյանը։
Աննա Բալյան