կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 19:20
Քաղաքական

Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է փայաբաժինների փոփոխությանը․ Արթուր Վանեցյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է փայաբաժինների փոփոխությանը․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին ղեկավար  Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի երեկվա հայտարարության կապակցությամբ պարզաբանումներ է տարածել, որում նշված է. 

«Ո՞րն էր խոսնակի հայտարարությունների (Փաշինյանի հանձնարարականի) երեկվա իրական դրդապատճառը։ Պատասխանը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից։ Սա ծանոթ ձեռագիր է, որը մեկ անգամ չէ, որ կիրառվել է այս երկու տարիների ընթացքում։ Նայելով նման դսևորումների ժամանակագրությանը, դժվար չէ նկատել, որ ամեն անգամ, բարդ իրավիճակներում հայտնվելիս, այդ մարդը դիմում է նույն գործելաոճին՝ ստեղծում կեղծ թիրախներ, սլաքներն ուղղում այլոց դեմ։ Այդ թվում՝ իմ։ Հանգամանքների բերումով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն այս երկու տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ իր գործը ոչ թե էժանագին լրատվական մանիպուլիացիաներն են, այլ՝ երկրի կառավարումը։

Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ում իմ առնչություններին, ապա դա իմ ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է, ընդամենը այդքանը։ Ոչ մի իրական հիմք։ Իսկ հորս պատկանող բեռնափոխադրող ընկերությունը  ԶՊՄԿ-ի հետ սկսել է աշխատել հեռավոր 2014-ից։

Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա  անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի։

Մի քանի նկատառում ևս.

Երկրում իսկապես ստեղծվել է բավական ծանր վիճակ՝ պայմանավորված համաճարակով և դրանից բխող տնտեսական խնդիրներով։ Ռիսկերի թերագնահատումը, հապաղումը մեզ կկանգնեցնի բարդ իրականության առաջ։ Մենք հասել ենք այն կետին, երբ մանիպուլիացիաներով այլևս հնարավոր չի լինելու ժամանակ շահել, հետաձգել խնդիրները, մոլորեցնել հանրությանը։ Երեկ Ազգային Ժողովում կատարվածը և Գեղարքունիքի մարզի սահմռկեցուցիչ տեսարանները վկայում են կառավարման խորը ճգնաժամի մասին։ Գրագետ հակաճգնաժամային կառավարումը, հասարակական կոնսոլիդացիան այլընտրանք չունեցող հրամայականներ են։

Օգտվելով նաև որպես քաղաքացի իմ հարց տալու իրավունքից. ի՞նչ եք բանակցել և բանակցում Ղարաբաղի շուրջ։ Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ։ Ակնկալվում է պարզ պատասխան։ Այս հարցադրումից հնարավոր չի լինելու խուսափել, եթե անգամ խոսնակը կրկնապատկի կեղծ հայտարարությունների չափաբաժինը»։

Ստորև ներկայացնում ենք վարչապետի մամուլի խոսնակի երեկվա գրառումը:

«Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։