Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում՝ հայտնում է Yerkir.am-ը:
Դա առաջին հերթին ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ եւ գործառույթների հստակեցում, այսինքն ոստիկանության մեջ քաղաքացիական բնույթի ծառայությունները տարանջատվում են բուն ոստիկանական ծառայություններից՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հարցը:
«Մասնավորապես, անձնագրերի, վիզաների վարչության կամ հաշվառման քննական կենտրոնների գործառույթները, ՃՈ գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգից և ներառվում Ներքին գործերի նախարարության կառուցվածք: Կձևավորվի ՆԳՆ-ն, որը կմշակի ոլորտի քաղաքականությունը եւ քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտի բարեփոխումների համար»,-ասաց նա:
Հաջորդ կարեւոր կետը պարեկային ծառայության եւ օպերատիվ ծառայության կենտրոնի ստեղծումն է․ «Հիմա արտաքին ծառայությունը մեծապես իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով, եւ պարեկապահակային ծառայության կողմից որոշակի այլ գործառույթների մասով: Առաջարկվում է այս երկու ծառայությունների միավորման արդյունքում ստեղծել նոր պարեկային ծառայություն, որի գործառույթները շատ ավելի լայն կլինեն»:
Այսօր առկա են գործառութային տարաբնույթ կրկնություններ, անբավարար են հանցագործությունների մասին հաղորդումներին արագ արձագանքող եւ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող անհրաժեշտ հմտություններ ունեցող շարժական ոստիկանական ստորաբաժանումները՝ նշեց նախարարը: Մտահոգություն հայտնեց, որ ոստիկանության ծառայողներն ունեն ոչ բավարար հմտություններ հաղորդակցության եւ ուժի կիրառման տեսանկյունից:
Գործողությունների այս ծրագիրը 3 տարվա համար գնահատվել է 16,326 մլրդ դրամ, որից 12,93 մլրդ դրամը՝ պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման համար է: Այդ 12,9 մլրդ դրամից 8,4 մլրդ դրամը կհատկացվի բյուջեի կողմից, իսկ մնացածը միջազգային տարբեր գործընկերների կողմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ՀՀ Ոստիկանությունը կլինի ՆԳՆ-ի կազմում․ «Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի միջև հարաբերությունները»։
Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենանք նոր Պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում պետք է փոխվի ինչպես ձևով, այնպես էլ՝ բովանդակությամբ՝ ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ դրա առաջին փուլը կրթական փուլն է. «Մեր նախնական պայմանավորվածությամբ այն պետք է մեկնարկեր ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց»:
Վարչապետը նշեց, որ Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից։ Երկրորդ փուլում կստեղծվի Ներքին գործերի նախարարությունը: Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ՆԳ նախարարությունը:
Փաշինյանի խոսքով՝ ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական եւ զինվորական մասի բովանդակությունների միջեւ։
«Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո, մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել ևս՝ ղեկավարի կարգավիճակով: Բայց մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ: Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն: Այստեղ քաղաքական եւ քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․