կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 23:14
Տնտեսական

ՈՒ սա անվանում են պետական աջակցության փաթեթ. տնտեսագետ

ՈՒ սա անվանում են պետական աջակցության փաթեթ. տնտեսագետ

Կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների, կառավարության ցուցաբերած աջակցության եւ առհասարակ տնտեսության ներկայիս վիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

                                                                                                                           «Եկել է գոտիները ձգելու ժամանակը»

 

- Ձեր կարծիքով, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված, ստեղծված իրավիճակը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա:

Իսկապես բարդ հարց է, քանի որ կարող են լինել համավարակի տարածման եւ զարգացման ամենատարբեր սցենարները: Այս փուլում մեր կառավարությունը պետք է անցնի ճգնաժամային կառավարման: Մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրապարակեց ճգնաժամային կառավարման առաջարկությունների փաթեթ եւ փոխանցեց 
կառավարությանը: Այն իր մեջ ներառում է շուրջ հիսուն առաջարկներ, որոնց մի մասից կառավարությունը սկսել է օգտվել: Մինչդեռ այն ավելի արագ արդյունքներ կտա, եթե կիրառվի ամբողջական եւ միաժամանակ: Իսկ դա ենթադրում է նաեւ բյուջե 2020-ի արմատական վերանայում՝ իր թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի առումով: Արդեն ՊԵԿ նախագահ պարոն Անանյանը հայտարարել է, որ կունենանք հարկային եկամուտների թերակատարում: Սա իրականություն է, ավարտին է մոտենում հաշվետու 
տարվա առաջին եռամսյակը, եւ այս իմաստով նրա կանխատեսումները կարող են ճիշտ լինել: Հատուկ պետք է նշեմ, որ եկամուտների բացակայության պայմաններում պետք է անցնենք ծախսերի խնայողական ռեժիմի: Եկել է գոտիները ձգելու 
ժամանակը, այս փուլում առաջարկել ենք դադարեցնել պարգեւատրումները, վերանայել բարձր վճարվող աշխատավարձերը, սկսել պրոցես՝ պարտադիր կուտակային մասնահանումները դադարեցնելու համար, պետական պարտքի սպասարկման համար ինտենսիվ բանակցություններ վարել, վերակառուցել դրանք: Դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն, դադարեցնել գնումների մրցույթների իրականացումը՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների ապահովմանը: Մենք դեռեւս չգիտենք, թե ուր կհասցնի մեր երկրին ու ժողովրդին այդ համավարակը, պետք է մտածենք պարենային անվտանգության մասին: Մեր ժողովրդին պետք կարողանանք պահել, մինչեւ վիճակը լավանա:

                                                                                                                      «Որոշ ոլորտներ արդեն ունեն մեծ ճեղքեր»

Հատկապես ո՞ր ոլորտներերում այն կարող է մեծ ճեղք առաջացնել:

Որոշ ոլորտներ արդեն ունեն մեծ ճեղքեր: Կտրուկ անկում է ապրել տուրիզմի ոլորտը. ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ավելի քան 190 երկրներում մարդկանց համար սահմանվել են տեղաշարժման սահմանափակումներ, դադարեցվել են չվերթները եւ փակվել սահմանները: Անկում է գրանցվել նաեւ հանրային սննդի ոլորտում, հյուրատներում եւ մի շարք սպասարկման ոլորտներում:Պետք է առաջին հերթին կանգնեցնել վիրուսի տարածումը, մեր ժողովրդի առողջությունից թանկ ոչինչ չկա: Որպեսզի ոչ մի ոլորտ վերջնականապես իր շունչը չփչի, պետք է գործել արագ եւ օր առաջ կանգնեցնել վիրուսի տարածումը:
Ընկերությունների գործունեությունների սահմանափակելը բավարար չի, մարդկանց շարժը պետք է մինիմումի հասցնել:

                                                                                                                     «Չի կարելի բիզնեսին վարկ տալ եւ ասել՝ տար, աշխատավարձ տուր»

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության աջակցության փաթեթը տնտեսվարողներին: Այն կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ տնտեսվարողների գործունեության վրա:

-Կառավարության փաթեթը հետեւյալն է: Ասում են՝ ընկերությունները թող գնան, վարկ վերցնեն, մենք կմասնակցենք վարկի տրամադրմանը մեր չափաբաժնով եւ կսուբսիդավորենք վարկի տոկոսները: Ու սա անվանել են պետական աջակցության փաթեթ:
Նաեւ 25 մլրդ դրամ տրամադրում են, որպեսզի ընկերությունները վճարեն աշխատավարձերը, հարկերը եւ ձեռք բերեն որոշ շրջանառու միջոցներ: Սա նշանակում է միջնորդավորված նորից փողը տալ ֆինանսական շուկային` պարտքեր կուտակելով 
ընկերությունների վրա: Չի կարելի բիզնեսին վարկ տալ եւ ասել՝ տար, աշխատավարձ տուր: Այն դեպքում, երբ բիզնեսը չի աշխատում: Իսկ հաջորդ ամիս ի՞նչ պետք է անեն, չէ՞ որ համավարակի զարգացման դինամիկան անորոշ է: Պետք է կիրառել ուղիղ աջակցության գործիքներ: Գյուղատնտեսությանն ուղղված միջոցառումները շատ կարեւոր են: Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ, որ մեր երկրին պետք էր ոլորտում ռազմավարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գերատեսչություն` Գյուղատնտեսության նախարարություն: Վարչապետը կարծես թե գյուղատնտեսության մասին վերջերս ավելի հաճախ է խոսում, բայց լավ կլիներ, որ լիներ ոլորտի ղեկավար եւ իր փոխարեն դա աներ այդ ղեկավարը: Գյուղատնտեսությունն իսկապես կենսական կարեւոր  ոլորտ է, սակայն նույնպես ամբողջական լուծում չեն առաջարկում: Գումարների տրամադրումը վարկերի տեսքով եւ դրանց համար ընդամենը վերադարձի ավելի երկար ժամկետների սահմանումը բավարար չի: Անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ոռոգման ջուրը, պարարտանյութը, սերմերը տրամադրվեն գյուղացիական
տնտեսություններին անհատույց` այն գյուղմթերքների արտադրության համար, որոնց մասով առկա է երաշխավորված պետական գնում: Գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին պետք է պատվիրել որոշակի մթերքի արտադրություն այս տարվա ընթացքում եւ նույնպես երաշխավորված պետական գնումով: Այսինքն` ռեսուրսները պետք է ուղղել գյուղմթերքի, հացահատիկային մշակաբույսերի լայնամասշտաբ արտադրության կազմակերպմանը: Իսկ մեր կառավարությունը փող է տրամադրում, բայց հետո արտադրված գյուղմթերքը իրացնելու խնդիրներ են առաջանալու: Պետք է, ի վերջո, սովորել պլանավորել, հասկանալ ներքին սպառման շեմը եւ գնահատել պոտենցիալը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ