կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 16:08
Մշակույթ

Եվրատեսիլ 2020-ը հնարավոր է չեղարկվի. պատճառը՝ կորոնավիրուսն է

Եվրատեսիլ 2020-ը հնարավոր է չեղարկվի. պատճառը՝ կորոնավիրուսն է

Եվրատեսիլ երգի մրցույթի միջազգային կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները չեն մասնակցի մարտի 9-ին մրցույթի մասնակից 41 երկրների եվրատեսիլյան պատվիրակությունների հանդիպմանը սահմանային արգելքի պատճառով. գրում է Billboard-ը՝ նշելով, որ սահմանափակման պատճառը աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն է. հայտնում է Yerkir.am-ը:

Շվեդիայի և Իսրայելի պատվիրակները նույնպես հրաժարվել են մասնակցել Ռոտերդամ քաղաքում սպասվող հանդիպմանը:

Կազմեկերպության պաշտոնական կայքում թեմայի առնչությամբ հայտարարություն է տարածվել, որում, մասնավորապես, նշվում է. «Եվրոպական հեռարձակողների միությունը շարունակում է վերահսկել իրավիճակը և գնահատել կորոնավիրուսի հավանական ազդեցությունը մրցույթի վրա», ու հավելվում, որ եթե վիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանա, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Հիշեցնենք՝ Եվրատեսիլ 2020-ը այս տարի պետք է կայանա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Սա կլինի հինգերորդ անգամ, երբ մրցույթը կանցկացնեն Նիդեռլանդներում: Մրցույթը կանցկացվի Ռոտերդամ Ահոյում. այն բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչ փուլերից ՝ մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը ՝ 2020 թվականի մայիսի 16-ին:

Հայաստանը կներկայացնի 25-ամյա Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 9-ի ժամը 09.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110.041 դեպք, որից 3825-ը՝ մահվան, և 61.982-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: